Նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ պարեկների կողմից բռնության ենթարկված Արամ Երիցյանին կալանավորելու միջնորդությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով հայտնեց ծեծի ենթարկված արցախցու եղբայրը՝ Ռոման Երիցյանը։
«Մինչեւ հիմա հույս էինք պահում, որ քննչական կոմիտեն չի դիմի դատարան եղբորս կալանավորելու միջնորդությամբ, բայց ապարդյուն: Քիչ առաջ տեղեկացանք, որ նախաքննական մարմինը դիմել է դատարան՝ եղբորս կալանավորելու համար երկու ամսով: Հիմա ես եւ եղբայրս ունենք բոլորիդ աջակցության կարիքը՝ եւ արցախցիների եւ Հայաստանի բոլոր քաղաքացիների, այն բանի համար, որ եղբայրս ենթարկվել է շատ դաժան ծեծի, ունի վնասվածքներ եւ այս վիճակում նրան տանում են կալանավորման, իսկ պարեկները գտնվում են ազատության մեջ»,- ասաց նա՞
Հիշեցնենք՝ երկու օր առաջ պարեկները բռնություն էին գործադրել Արամ Երիցյանի նկատմամբ՝ մեքենան, իբրև, ոչ ճիշտ տեղում կայանելու պատճառաբանությամբ։
Պարեկների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով արցախցի Արամ Երիցյանը մարմնական լուրջ վնասվածքներ է ստացել։ Նախօրեին էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել՝ պնդելով, թե Երիցյանն է հարվածել պարեկներին։











