Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ Արցախի հարցի օրակարգն իր համար նույնն է, ինչ  Ադրբեջանինն է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Սուրբ Աննա բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հետևաբար հույսեր կապել, որ այդ մարդու միջոցով կամ կառավարման ընթացքում հնարավոր է Արցախ վերադառնալու հարց բարձրացնել, դա միամտություն է: Աշխարհը գնալով հասկանում է, որ պատերազմի կամ փաստի ուժով Արցախն այսօր օկուպացված է և չի կարող դա երկար տևել:Ի վերջո, գոյություն ունի իրավունքի ուժ: Վաղ թե ուշ, չունենալով նման հակահայ իշխանություն, մենք կարող ենք բանակցային դաշտ մտցնել այդ օրակարգը» ,-ասաց պատգամավորը:  

Անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Հայաստանում Արցախի իշխանությունը, որ արցախցիները չարտագաղթեն, Հակոբյանն ասաց, որ փորձում են հանդիպումներով զրուցել, եւ շատերը ծանր պայմաններում մնում են Հայաստանում, որպեսզի վերադարձի հարցը կարողանան բարձրացնել: