Բոլոր մարզերում շատ մեծ բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրանից բողոքում են Երեւանում, մշակութային ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում: Այն, որ մենք ժամանակին կառավարության նիստի ժամանակ հոսանքի անջատում ունեցանք, բոլորիս համար պետք է ահազանգ լիներ, որ ինչ-որ մի բան այդտեղ այնպես չէ: Ես հանձնարարել եմ, ինձ մոտ առաջիկայում խորհրդակցություն պետք է լինի, եւ ես ակնկալում եմ նախ բացատրություններ, թե ինչու է այդպես, եւ մեզ պետք է հստակ ծրագիր, թե ինչպես ենք այդ հարցը լուծելու, եւ լուծելու շատ արագ: Որովհետեւ, իմ ընկալմամբ, այդ պրոբլեմը գնալով խորանում է: Այստեղ ՀԾԿՀ-ից եւ նախարարությունից հստակ ծրագիր եմ ակնկալում, թե ինչպես ենք հնարավորինս արագ այս խնդիրը ;ուծելու»,-ասաց նա:

Իր հերթին Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ որոշակի քայլեր արդեն արել են. «Վերջին երեք տարում ահռելի մեծացել է նոր միացող բաժանորդների թիվը: Այդ ուղղությամբ մեծ ներդրումներ են արվում, եւ այն ներդրումները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման որակի ցուցանիշների բարելավմանը, այդ հնարավորությունները նվազում է ընկերության մոտ:

Այս ուղղությամբ երեք միջոցառում արել ենք, որ գումարներ ազատվեն ընկերության մոտ: Մասնավորապես, կար սահմանափակում ներդրումների իրականացման, որպեսզի ընկերությունը որոշակի կայուն սակագնային մարժա ունենա, որ սպառողների սակագների վրա չազդի: Այդ սահմանափակումները միացման վճարների ներդրումների մասով հանել ենք: Այսինքն այդտեղ գումարներ են ավելացել, որ կարող են ուղղվել սպասարկման որակի ներդրումներին:

Անցյալ տարի մենք բարձրացրեցինք նոր միացող բաժանորդների վճարները: Սա նույնպես որոշակի գումար է ավելացնելու ընկերությունում»,-ասաց հանձնաժողովի նախագահը՝ հավելելով, որ բացի այդ մեկ տարով երկարացրել են միացմանը հատկացված ժամանակահատվածը:

Նա նշեց, որ ձեռնարկված միջոցառումները դեռ բավարար չեն, սպասարկման բարելավման ուղղությամբ հարցերը դեռ քննարկվում են։

Փաշինյանն ասաց, գյուղերում մարդիկ իր այցերի ընթացքւոմ հաճախ են բարձրացնում հոսանքազրկումների հարցը։