Սփյուռքում միշտ էլ պառակտումներ են եղել: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայկական գլոբալ գագաթնաժողովի շրջանակում հայտարարել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Նրա կարծիքով՝ միշտ էլ այդպես է եղել: Նա հավելել է, որ դրան գումարվել է այն բարդույթը, որն առաջացել է Հայաստանի անկախացումից հետո։
«Այսօր այստեղ հավաքվել են հայեր, այդ թվում՝ սփյուռքից, ովքեր ակտիվորեն ներգրավված են հայկական համայնքների աշխատանքներում և ինչ-որ կերպ առնչվում են Հայաստանին։ Մասնակցելու հրավեր ենք ուղարկել Սփյուռքի բոլոր շերտերին։ Եղան նաև այնպիսիք, ովքեր հրաժարվեցին ընդունել մեր հրավերը։ Ինքներդ էլ կարող եք պատկերացնել՝ ովքեր են հրաժարվել»,- նշել է Սինանյանը։
Միաժամանակ Սինանյանն ընդգծել է, որ Հայաստանի անվտանգության կարողությունների ընդլայնման գործում Սփյուռքը որոշակի դեր է խաղում։
«Այս հայեցակարգը ներառում է նաև ժողովրդագրական իրավիճակի վրա ազդող տնտեսական հնարավորություններ և առողջապահական ոլորտի բարելավման միջոցառումներ։ Սփյուռքն այսօր ներգրավված է բոլոր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն»,- եզրափակել է պաշտոնյան։











