Արցախի հայաթափման գործում վճռորոշ դարձած Պրահայի հռչակագիրը ստորագրած անձը այսօր չի կարող հայերին Արցախ վերադարձնելու քաղաքականություն վարել։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը։

Նա հիշեցրել է, որ հենց այս հայտարարության ստորագրումից հետո սկսվեց Լաչինի միջանցքը շրջափակելու ադրբեջանական գործողությունը, որը չհանդիպեց Հայաստանի դիմադրությանը, ինչը Բաքվի համար նվեր դարձավ Փաշինյանից, որը դրա դիմաց իր իշխանության պահպանման երաշխիքներ ստացավ։

«Փաշինյանի համար իշխանությունը վեր է Արցախից և Հայաստանից»,- ընդգծել է Սողոմոնյանը։

Նա նշել է, որ հենց որ հայկական կողմն իջեցրեց նշաձողն Արցախի հարցում, միջազգային լայն կոնսոլիդացիա տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի, ինչպես հայտարարեց Փաշինյանը, այլ Բաքվի շուրջ։

«Եվ պետք չէ ասել, որ դա Շահրամանյանի մեղքն է։ Չէ՞ որ շրջափակումը սկսվել է Շահրամանյանից շատ առաջ։

Որտե՞ղ էր այդ լայն միջազգային կոնսոլիդացիան, երբ Հաագայի դատարանը Ադրբեջանին պարտավորեցրեց ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Ինչո՞ւ այս հարցի վերաբերյալ բանաձևը վետո դրվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Որովհետև համախմբում չի լինում մի երկրի շուրջ, որը հրաժարվում է իր ազգային իրավունքներից»,- նշել է քաղաքական գործիչը։

Նա նաև հիշեցրել է, որ անցյալ տարի իրականացվել է ցեղասպանություն, որի մասնակիցները պետք է պատժվեն միջազգային դատարանի որոշմամբ։

«Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն լղոզված ձևակերպումներով հանդես է եկել մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Օգտագործվել է ռազմական հարձակում եզրույթը։ Ընդ որում Հայաստանը մեկ տարի առաջ միացել է Հռոմի ստատուտին, սակայն հանցագործներին պատժելու քայլեր չենք տեսել։

Ավելին, իշխանությունները փորձում են մոռացության մատնել Արցախի հարցը։ Այսօր, տեսնելով Հայաստանի կառավարության նիստը, համոզվեցինք դրանում։

500 մարդու, նրանց թվում՝ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերից հետո իշխանությունները նախորդ տարի սուգ չհայտարարեցին, այսօր էլ ցավակցություն չհայտնեցին։

Այս ռեժիմը Արցախը բեռ է համարում և կարծում է, որ ֆիզիկապես ազատվել է Արցախից և ցանկանում է Արցախը մոռացության մատնել նաև մեր սրտերում ու ջնջել Արցախը պատմությունից։

Նրանք ավելի հեռուն գնացին ու արցախցիներին թիրախ դարձրին։ Անգամ Հայաստանի Քննչական կոմիտեի կողմից ի դեմս կառավարական գերատեսչության մամուլի հաղորդագրությունում շեշտվում է արցախյան ծագումը։ Ի՞նչ է, պետք է լոռեցիներին, շիրակցիներին և այլոց է՞լ նշենք։

Իշխող կուսակցության պատգամավորը, ով ժամանակին զբաղեցրել է կարևոր (զինվորական-խմբ.) պաշտոններ, արցախցիներին կոչ է անում «իրենց հյուրերի պես պահել», և նա դեռ շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը։ Իսկ նրա նմանները շատ են։ Պետական ​​կառույցների թույլտվությամբ արցախցիների հասցեին վիրավորանքներ և սպառնալիքներ են հնչում»,- նշել է Սողոմոնյանը։

Նրա խորին համոզմմաբ՝ այս ամենը ցանկանում են Ալիևն ու Փաշինյանը, և այն, ինչ տեղի է ունենում, բխում է Բաքվի շահերից։

«Մյուս բոլորի համար Արցախը վերականգնելու և հայերին Արցախ վերադարձնելու գաղափարն ընդունելի է։ Ավելին, հայերի վերադարձն Արցախ երկարաժամկետ, ծրագրված աշխատանքի արդյունքում իրատեսական է ու հնարավոր։

Բայց, առաջին հերթին անհրաժեշտ է կամք։ Երբ արցախցիներին ստիպողաբար տեղափոխեցին Հայաստան, անհրաժեշտ էր կազմակերպել նրանց կոմպակտ բնակեցումը, ինչը չարվեց։ Բացի դրանից, անհրաժեշտ էր պահպանել Արցախի պետական ​​կառույցները, Արցախի պետական ​​համալսարանը որպես ինքնության կարևորագույն կենտրոն։ Պետք էր ամեն ինչ անել, որ արցախցիներն այստեղ իրենց հյուր չզգան ու չհեռանան»,- ընդգծել է նա։

Սողոմոնյանը համոզմունք է հայտնել, որ իշխանափոխության և ազգային արժեքների կրող պրոֆեսիոնալ ուժերի իշխանության գալու դեպքում միանգամայն հնարավոր է լուծումներ գտնել։