«Մայրը մնաց արցունքներով, որդիները`որբ, կինը` այրի»: 44–օրյա պատերազմում զոհված Սերժիկ Հովսեփյանը երեք անչափահաս զավակ ունի։ Այս մասին այսօր՝  սեպտեմբերի 27-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am–ի հետ զրույցում պատմում է Սերժիկի մայրը՝ Զինա Հովսեփյանը։

«Ես էլ եմ վաղ այրիացել. ամուսինս 1994 թվականին է զոհվել, երբ մեր 4-րդ երեխային էինք սպասում։ Հիմա էլ թոռներս են առանց հայր մեծանում»,–պատմում է զոհված զինծառայողի մայրը։

Զինա Հովսեփյանը հիշում է՝ որդու հետ վերջին անգամ հոկտեմբերի 11-ի երեկոյան են զրուցել։ Ասում է՝ այդ օրը Սերժիկը զանգել է ու ընտանիքի բոլոր անդամների հետ առանձին զրուցել։ Հոկտեմբերի 12-ի առավոտյան էլ Սերժիկի կինն է զանգել նրան, սակայն զրուցել չի հաջողվել։ Սերժիկը միայն շնչակտուր ձայնով ասել է՝ ավելի ուշ կզանգի։

«Դրանից հետո էլ զանգ չստացանք: Անընդհատ սպասում էի։ Հոկտեմբերի 12-ից անհետ կորած էր համարվում։ Ընկերներն ասում էին` Սերժիկը Ֆիզուլիի տարածքն անգիր գիտի, հաստատ մի տեղից դուրս կգա: Գուցե, ինձ ուղղակի խաբում էին, չգիտեմ: Մարտի 29-ին «Հերացի» բժշկական կենտրոնից զանգ ստացա, ասացին` մոտեցեք` ԴՆԹ-ն համընկել է: Աշխարհը փուլ եկավ գլխիս»,–պատմում է զոհված սպայի մայրը:

Զոհված զինծառայողի մայրն ասում է՝ չգիտի՝ ինչ անել, ինչպես վարվել, ինչպես թեթևացնել երեք անչափահաս երեխաների կարիքները միայնակ հոգացող հարսի ուսերի բեռը։

«Այն ժամանակ տուն ու տեղ ունեինք, ապրում էինք, իսկ հիմա ոչ տուն ունենք, ոչ հայրենիք, ոչ էլ տանը տղամարդ կա, որ երեխաների հոգսը քաշի»,–ասում է նա:

Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:

Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:

Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։