Հոգսերից կտրվելու համար գնում եմ Եռաբլուր։ Բայց նա իմ սրտում է, իմ մտքում է, ամեն օր զրուցում եմ նրա հետ։ NEWS.am-ի հետ զրույցում Արմինե Մելքումյանը պատմում է՝ արցախյան առաջին պատերազմն իրենից խլել է հորը, երկրորդն՝ ամուսնուն, երրորդը՝ հայրենիքը, որը պաշտպանելու համար զոհվել էին նրանք։
«1993 թվականի սեպտեմբերի 3-ին հայրս անհայտ կորավ, իսկ դեկտեմբերին ծնվեցի ես։ Մայրս հիմնականում չէր պատմում հայրիկիս մասին։ Նրա մասին ինձ պատմում էին հորաքույրներս, հայրիկիս համագյուղացիները»,–պատմում է նա։
2020 թվականի 44-օրյա պատերազմն էլ Արմինեից խլեց ամուսնուն՝ պայմանագրային զինծառայող, հետախույզ Անդրեյ Մելքումյանին։ Անդրեյը պատերազմի առաջին օրվանից մարտնչել է հայրենիքի պաշտպանության համար ու ընկել նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում, երբ արդեն նահանջի հրաման էր տրված։
«Այդ ժամանակ ես արդեն գիտեի, որ երկրորդ բալիկին եմ սպասում, փորձում էի ինձ հանգիստ պահել, ուղեղումս անվտանգ միջավայր էի ստեղծել։ Երեկոյան ամուսնուս եղբայրը զանգեց, ասաց՝ այսօր խոսե՞լ ես Անդրեյի հետ, ասացի՝ չէ։ Ու այդպես սկսցվեց, այդ օրը նա զոհվեց»,–պատմում է Արմինեն ու նշում, որ ամիսներ անց ծնված որդուն ամուսնու անունով է կոչել։
Ամուսնու զոհվելուց հետո, երբ պատերազմն արդեն ավարտվել էր, Արմինեն Երևանից կրկին հայրենի Ստեփանակերտ է վերադարձել, որ երեխաներն իրենց հայրենիքում մեծանան, բայց երկու տարի անց՝ 2022 թվականի դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ինը ամիս անց էլ՝ բռնի տեղահանումը։
«Արցախից Հայաստան ճանապարհը կյանքի և մահվան ճանապարհ էր։ Այդ ճանապարհի վրա և՛ երեխա ծնվեց, և՛ մարդ մահացավ։ Այդ ճանապարհը ինձ 1915 թվականն է հիշեցնում։ Մենք մեքենաներով, մի փոքր ավելի ժամանակակից տարբերակով բռնի տեղահանվեցինք»,–ասում է նա։
Արմինեն պատմում է՝ փորձություններն այդքանով չավարտվեցին. Երևանում նրա մայրիկի մոտ ստամոքսի քաղցկեղ ախտորոշվեց։
«Արդեն մի տարի է՝ մենք պայքարում ենք քաղցկեղի դեմ, բայց հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, մայրիկս առողջանալու է»,–ասում է նա։
Ուղիղ չորս տարի առաջ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 7։10-ին, Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Արցախի Հանրապետության դեմ:
Մարտական գործողություններն ընթացան արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում, եւ տեւեցին 44 օր:
Աղետալի պատերազմի հետեւանքով հայկական կողմը ունեցել է, պաշտոնական տվյալով, առնվազն 4000 զոհ, կան հարյուրավոր անհետ կորածներ եւ գերիներ։











