Հոկտեմբերի 2-ից առաջ, մեր հաղթանակի եւ լույսի փուլը մտնելուց առաջ, որոշեցինք այ միանձնության, առանձնացման, աղոթքի, պահեցողության օրերն անցկացնել, վերստին զինավորվել հոգով, հավատքով եւ այդպիսով շարունակել մեր ընթացքը, որն արժեքների փոփոխության մասին է: Այս մասին Կիրանցի մոտակայքում գտնվող վանքից ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է Բագրատ Սրբազանը:
«Այս մի քանի օրը մենք գտնվելու ենք այս չնաշխարհիկ վանքում, առանձին, մեկուսի, աղոթքի, առանձնության մեջ եւ Աստծո հետ առանձնանալով մեր տիրոջը խնդրելու ենք այն ամբողջ ճանապարհը, որը մեզ կտանի հաղթանակի: Մենք այլ ճանապարհ չունենք, այլըտրանք չունենք»,-ասել է նա:
Նա նաեւ հավելել է, որ բարդ, դժվար, բայց միեւնույն ժամանակ ուրախության օրեր են գտնվում առջեւում. «Մենք կոչված ենք նայելու Արարատին, Եռաբլուրին, սուրբ Էջմիածնին, մեր հոգիներից ու սրտերից ներս ու այդպես շարունակելու ենք մեր ընթացքը»:











