Այն շտապողականությունը, որ մեր կառավարության ղեկին նստած անձը դրսեւորում է չարաբաստիկ խաղաղության պայմանագրի ստորագրման առումով, որը ոչինչ իրենից չի ներկայացնելու, եւ այդ պայմանագրի ստորագրմանն անմիջապես հետեւելու է Ադրբեջանի կողմից իր հանձնառությունների կատարումը, որը ենթադրում է Իրանի դեմ ուղիղ ռազմական գործողություններ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արտակարգ և լիազոր դեսպան, «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամ Ձյունիկ Աղաջանյանը:

«Այս համատեքստում է, որ կարեւորվում է միջանցքի խնդիրը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու սահմանի բացումը, քանի որ ՆԱՏՕ-ական ռազմական ուժի տեղափոխումը ադրբեջանական ճակատ, անկախ նրանից, դա ՆԱՏՕ-ի անվան տակ կլինի, թե Թուրքիայի կողմից որպես Շուշիի համաձայնագրի կատարում, որը ենթադրում է ցամաքային տեղափոխման հնարավորություն»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանը հարվածի Իրանին, դեսպանը պատասխանեց. «Սադրանքների ամբողջ պատկերի  պարկի մեջ հնարավոր է ցանկացած գործողություն: Նրանք արդեն մի անգամ արեցին դա, ուղղաթիռի հետ կապված պատմությունը հիշենք: բայց խնդիրն այն է, որ նրանք պետք է լեգիտիմ պատճառ ունենան Իրանին ուղիղ հարվածելու: Քանի որ իրենք հիմա այդ ուղիղ արձագանքի հնարավորությունը չունեն, հապաղում է նաեւ Ադրբեջանը, քանի որ Ալիեւը գիտի, որ ինքը մեծ արկածախնդրության մեջ է մտնելու եւ մեծ հարցականի տակ է դնելու անգամ իր ու իր պետության գոյությունը: Նա ցանկություն չունի գնալ այդ քայլին: Դրանով է պայմանավորված այդ խաղաղության պայմանագիր կոչվածի ստորագրումից հրաժարումը: Ոչ այն պատճառով, որ նա շարունակաբար հայկական կողմից ինչ-որ բաներ է կորզում: Հիմնական խնդիրն այն է, որ Ադրբեջանը, երբ համաձայնել էր այդ ծրագրին, Արեւմուտքը աշխարհի թելադրողն էր: Այսօր Արեւմուտքը աշխարհին թելադրողը չէ: Բոլորի համար ակնհայտ է ԱՄՆ-ի աստիճանաբար նվազող ազդեցությունը թե ռազմաքաղաքական, թե աշխարհաքաղաքական, թե տնտեսական ու ֆինանսական առումով»,- ընդգծեց նա: