Ես դեմ եմ ձեւական միավորումներին, չի կարող հայրենիք տվողի եւ հայրենիք պահողի միջեւ լինի միասնություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմանազովը՝ անդրադառնալով նրան, որ Մայր Տաճարի վերաօծման արարողությանը ներկա չէին ՀՀԿ-ականները՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
«Չի կարող Արարատը սուրբ լեռ համարողի եւ այն թուրքին նվիրողի միջեւ լինի միասնություն:
Այո, ես Վեհափառ Հայրապետի կողմից ստացել եմ հրավեր, ես Մայր Աթոռին պատշաճ տեղեկացրել եմ՝ ինչու չեմ մասնակցելու: Ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում, որ ինձ՝ նվաստիս, մեղավորիս հրավիրել են մայր Աթոռի վերաօծմանը, բայց Ավետարանը մեզ սովորեցնում է, որ եթե հաշտ չես մտքով եւ սրտով, ապա մինչեւ չհաշտվես մտքով ու սրտով, դու իրավունք չունես լինել Աստծո զոհասեղանի առաջ:
Իսկ այնտեղ ներկա էր լինելու Նիկոլ Փաշինյանն ու իր կապիտուլյանտ ռեժիմի կարկառուն ներկայացուցիչները: Ես էդ մարդու հետ հաշտ չեմ, եթե ես իր հետ մտնեի եկեղեցի, դա իմ կողմից կլիներ կեղծավորություն, փարիսեցիություն»,-ասաց նա:
Անդրադառնալով ԱՄՆ-ում Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպմանը, Շարմազանովն ասաց. «Ադրբեջանն իրենց նախագահի օգնական Հաջիեւի միջոցով այնքան ինտենսիվ է խոսում, որ այստեղ թաքցնելու բան չկա: Ադրբեջանն ասում է խաղաղություն չի լինելու մինչեւ Փաշինյանը չկատարի իմ առջեւ ստանձնած բոլոր պարտավորությունները: Ասում են՝ Սահմանադրություն փոխեք, Անկախության հռչակագիր փոխեք, ապառազմականացումից են խոսում, հեսա կխոսեն ռեպարացիաներից: Ինչքան Նիկոլ Փաշինյանը զիջումների գնա Ալիեւի առջեւ, այնքան Ալիեւը նորնոր զիջումներ է կորզելու: Նա Փաշինյանի ատամները հաշվել է:
Այդ եռակողմ հանդիպմանը մասնակից առնվազն երկուսին պետք է ինչ-որ մի թուղթ, որտեղ գրված կլինի խաղաղություն բառը: Առաջինը դա պետք է ԱՄՆ-ին՝ ընտրություններից առաջ, որ դեմոկրատների վարչակարգը կարողանում է Հարավային Կովկասում խաղաղություն բերել, իբր թե, նաեւ իր առաջնությունը ցույց տա ՌԴ-ի միջնորդական ջանքերի նկատմամբ, եւ երկրորդը, այդ թուղթը օդ ու ջրի պես պետք է կապիտուլյանտ ռեժիմի պարագլուխ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի գա, ասի՝ ես ձեզ խաղաղություն եմ բերել: Բայց այդտեղ ոչ մի խաղաղություն չկա, դա հերթական կապիտուլյացիան է, որը իօնձ հիշեցնում է 1920-ի դեկտեմբերի 2-ի Ալեքսանդրապոլի պայմանագրի կետերը:
Իսկ Ադրբեջանին խաղաղության պայմանագիր պետք չի, նա Նիկոլ Փաշինյանի նման նվեր է ստացել եւ հերթով վերցնում է իր ուզածը: Մյուս կողմից խաղաղության պայմանագիր չի կարող լինել, քանի դեռ ուկրաինական ճգնաժամն ավարտված չէ»:











