Կառավարության այսօր՝ հոկտեմբերի 3-ի նիստում ՀՀ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց նախագիծ, որով ամփոփվում է պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտեր տրամադրելու մրցութային վերջին փուլը։

Նրա խոսքով՝ առաջարկվում է նախագծով հաստատել երկրորդ փուլի բոլոր մանրամասները՝ այդ թվում վերջնականացված պայմանագրի նախագիծը։

«Երեք որակավորված հայտատուներ կան։ Շուրջ հինգ ամիս պետք է բանակցություններ վարեինք, որպեսզի կարողանայինք ամբողջ մրցույթի պայմաններում ընդունելի ձևակերպումներ ունենալ։ Ի վերջո կարողացել ենք ճիշտ ժամկետներում ամփոփել բանակցությունները»,- նշեց նա։

Վերջինս պարզաբանեց, թե այս որոշումից հետո ինչ քայլեր են սպասվում․ «Հոկտեմբերի 8-ին գնահատող հանձնաժողովը կհաստատի առաջարկի հարցման ամբողջ բնութագիրը և հոկտեմբերի 10-ին տեղեկատվությունը կհանրայնացնենք, դրանից հետո մասնակիցները կներկայացնեն հայտերը։ Հայտերի ներկայացման համար մինչև 2025 թվականի հունվարի 10-ը հնարավորություն կլինի, դրանից հետո սկսվելու է բուն գնահատման պրոցեսը գնահատող հանձնաժողովի կողմից և 80 օր ժամկետ ունենք ամփոփելու ամբողջ տվյալները։

2025 թվականի մարտի վեցին կհաստատվի հաղթող ընկերությունը»։

Փոխնախարարի խոսքով՝ բիոմետրիկ անձնագիրը կտա բարձր ստանդարտ, որը թույլ կտա հարաբերվել այլ պետությունների հետ․ «Օդանավակայաններում խնդիրներ ենք բախվում, որը թույլ չի տալիս շատ արագ անցնել սահմանային անցման կետերը և այս նոր համակարգը թույլ կտա կրճատել հերթերը օդանավակայաններում, հասնել նրան, որ տարբեր երկրներում ավելի արժանապատիվ ճանապարհորդելու իրավունք ունենան մեր քաղաքացիները»։