Արմավիրի մարզի «Որդան կարմիր» պետական արգելավայրում է բնակվում Հայաստանի պատմական խորհդանիշներից մեկը՝ Որդան կարմիր միջատը, որից ժամանակին ստացել են համանուն ներկը կամ Արքայական ծիրանին, որով Հայաստանը հայտնի է եղել աշխարհին:
Այսօր այս յուրահատուկ գույնով միջատները համարվուն են էնդեմիկ տեսակ, այդ պատճառով էլ ունեն հատուկ պահպանության կարիք: Միջատներն իրենց հանգրվանն են գտել 219, 85 հեկտար այս տարածքում, որի պահպանությամբ զբաղվում է էկոպարեկային ծառայությունը:
Որդան կարմիրը տարիներ շարունակ եղել է համաշխարհային ուշադրության կենտրոնում. մինչ օրս մասնագետներին հետաքրքրում է՝ ինչպե՞ս են հայերը կարողացել այս միջատից ստանալ պատմական ներկը: Միջատները վաղուց չեն օգտագործվում այդ նպատակով, բայց նրանց առեղծվածը, պարբերաբար, արգելավայր է բերում օտարազգի փորձագետների ու գիտնականների:
Որդան կարմիր միջատները հիմնականում սնվում են որդանախոտով կամ եղեգով, որոնք աղասեր բույսեր են եւ աճում են հենց արգելանոցի տարածքում: Միջատն ունի սեռով պայմանավորված հստակ առանձնահատկություններ. Էգերը թեւազուրկ են, իսկ արուները՝ թեւավոր եւ ավելի փոքր են չափսերով: Սրանք դանդաղաշարժ միջատներ են եւ հողի մակրես են դուրս գալիս միայն բեղմնավորվելու նպատակով:
Միջատը հողի մակերես է դուրս գալիս վաղ առավոտյան. հողից դուրս գալու եւ հողի տակ անցնելու փուլը տեւում է մոտ մեկ ժամ, անձրեւի ժամանակ միջատները դուրս չեն գալիս, բայց մեզ հաջողվեց տեսնել նրանցից թերեւս ամենահամարձակին, որը որոշել էր բնությանը դեմ գնալ:
Այս միջատներն այլ միջավայրում չեն բազմանում. թեեւ տարբեր ժամանակաշրջաններում փորձեր կատարվել են, դրանք ավարտվել են ձախողմամբ:
«Որդան կարմիր» արգելավայրի աշխատակիցներն օր ու գիշեր զբաղվում են տարածաշրջանի պահպանման աշխատանքներով, սակայն դրա արդյունավետության համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրը գիտակցի՝ այս յուրօրինակ միջատների պահպանությունը համազգային կարեւորության խնդիր է:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։











