Wise իրավաբանական ընկերությունը նշում է գործունեության 10–ամյակը։ Հիմնականում կորպորատիվ իրավունքի եւ բիզնեսի բնագավառում մասնագիտացված ընկերությունը մեկ տասնամյակի ընթացքում ընդայնել է գործունեության շրջանակը, դարձել Հայաստանի առաջատար իրավաբանական ընկերություններից մեկը եւ այժմ մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ֆինանսական, հարկային, կառավարման և մի շարք այլ ոլորտներում ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց։ Ընկերության գործընկերների պորտֆոլիոյում բազմաթիվ խոշոր տեղական եւ միջազգային կազմակերպություններ են։

«Մեր հաջողության բանալին բարձրակարգ իրավաբանական ծառայություններն են՝ հիմնված վստահության, փոխադարձ հարգանքի և պրոֆեսիոնալիզմի վրա։ Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է նվաճել մեր հաճախորդների վստահությունը, լուծել բարդ իրավաբանական խնդիրներ և օգնություն ցուցաբերել հարյուրավոր անձանց՝ իրենց նպատակներին հասնելու համար»,– ասում է ընկերության համահիմնադիր և տնօրեն Դավիթ Ասատրյանը։
Ընկերությունը տասնամյա հոբելյանը նշեց տոնական մեծ միջոցառմամբ, որին մասնակցում էին ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային գործընկերների ներկայացուցիչները։ Wise Law–ն այս տարիների ընթացքում միջազգային գործընկերների լայն ցանց է ստեղծել՝ Հարավային Կորեայից, Չինաստանից և Ֆիլիպիններից մինչեւ Եվրոպա եւ Ամերիկա։ Արդեն երկու տարի ընկերությունը Hérès միջազգային իրավաբանական գրասենյակների ցանցի անդամ է։ Ընկերության հոբելյանը շնորհավորելու համար Փարիզից Երևան ժամանած Hérès ընկերության համահիմնադիր, կառավարող գործընկեր Շառլ Անրի Ռոյն առաջին հերթին ընդգծեց Wise Law-ի, որպես գործընկերոջ պրոֆեսիոնալիզմն ու վստահելիությունը։

«Մենք հանդիպեցինք 3-4 տարի առաջ, հասկացանք, որ ունենք նույն արժեքները, գաղափարներն ու սկզբունքները, եւ որոշեցինք համագործակցել։ Հայաստանում աճի մեծ ներուժ ենք տեսնում։ Ունենք հսկայական ծրագրեր, որոշել ենք զարգացնել հայկական շուկան՝ ֆրանսիացի ներդրողներ բերելով։ Wise Law-ի հետ աշխատանքի ընթացքում համոզվեցինք, որ գործ ունենք պրոֆեսիոնալ թիմի հետ։ Վստահ կարող եմ ասել, որ Հայաստանում ունենալով այսպիսի պրոֆեսիոնալ թիմ՝ մի քանի տարի հետո շատ մեծ հաջողություններ ենք ունենալու»,– նշեց Շառլ Անրի Ռոյը։
Վերջին տարիներին Wise Law-ի խորհրդով շատերն են ներդրում կատարել Հայաստանում։ Միայն վերջին մեկ տարում ՏՏ ոլորտի չորս ընկերություն է այստեղ գործունեություն սկսել՝ բացելով 100-ից ավելի աշխատատեղ։

«Մենք մեր միջազգային այցերի շրջանակներում այցելում ենք կոնֆերանսներ, միջազգային էքսպոներ, որտեղ ծանոթանում ենք նոր կազմակերպությունների հետ և ներկայացնում Հայաստանում իրավական և փաստական իրավիճակը՝ կապված հարկային, մաքսային և աշխատանքային իրավունքների հետ՝ ջանալով նրանց բերել Հայաստան»,– ասում է Դավիթ Ասատրյանը։
Տասնամյա ձեռքբերումների վրա ընկերությունը կանգ չի առնում։ Անընդհատ փնտրում են նորարարական լուծումներ՝ ժամանակի պահանջին համահունչ առաջընթաց ապահովելու համար։

«Հիմնվելով տասը տարվա փորձի վրա՝ մենք ապագայի համար է՛լ ավելի մեծ նշաձողեր ենք սահմանել, ավելի մեծ նպատակներ ենք դրել։ Իսկ մեր հիմնական կարգախոսն այն է, որ մենք փորձում ենք փոխել աշխարհը, այն ավելի լավը դարձնել»,– ասում է Wise Law ընկերության համահիմնադիր եւ կառավարող գործընկեր Միհրան Աղաբաբյանը։
Հայաստանում ոլորտի զարգացման գործում տասնամյա ներդրման եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար ՀՀ փաստաբանների պալատը շնորհակալագիր հանձնեց Wise Law ընկերությանը։











