Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը և Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը երկու տարբեր գործընթացներ են, թեև դրանք կարող են փոխազդել իրար վրա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Կարծում եմ, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում առջընթացը մեծապես կնպաստի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին»,-ասաց նա և նշեց, որ տարածաշրջանում շատ գործընթացներ կարող են նպաստել։
Իսկ թե ինչու ձեռք բերված պայմանավորվածությունը, ըստ որի, հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար պետք է բացեն, չի իրագործվում՝ Ռուբինյանը նշեց. «Այո՛, այդ պայմանավորվածությունը ձեռք ենք բերել, վերահաստատել ենք, բայց այս պահի դրությամբ իրագործված չէ, և ոչ մեր մեղքով։ Մենք մեր կողմից համապատասխան քայլերն արել ենք, Մարգարայի անցակետը վերանորոգել ենք, ամեն ինչ պատրաստ է և սպասում ենք թուրքական կողմից պայմանավորվածության իրականացմանը։ Ընդհանուր առմամբ, կարգավորման գործընթացը շարունակվում է, և հայկական կողմը պատրաստ է հենց վաղը ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարբերություներ հաստատված»։
Իսկ թե ինչու թուրքական կողմը քայլ չի անում, նա նշեց. «Չեմ կարող ասել, մեզ համար հստակ է, որ մենք ձեռք ենք բերել այմանավորվածություներ և հույս ունենք, որ այդ պայմանավորվածությունները կկատարվեն»։
Հնարավո՞ր է՝ պատճառն այն է, որ Թուրքիան սպասում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքմանը, որից հետո միայն կիրականացնի պայմանավորվածությունները, Ռուբինյանն արձագանքեց, որ Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ իր վերջին հանդիպմանը իրենք պայմանավորվել են, որ գործընթացը շարունակում են առանց նախապայմանների։











