«Իրական» և «պատմական» Հայաստանի դիսկուրսը կեղծ է, այն հորինել է Նիկոլ Փաշինյանը՝ մարդ, ով 2018 թվականին ստացել է իրական Հայաստանն ու Արցախը, և դրա մի մասը՝ Արցախը, դարձրել է «պատմական»։ Դա տեղի ունեցավ նրա վարած քաղաքականության շնորհիվ։

«Բացառված չէ, որ այսօրվա իրական Հայաստանի մի մասն արժանանա պատմություն դարձած Արցախի ճակատագրին։ Սա բացարձակ կեղծ դիսկուրս է, ինչը, ես մեկ անգամ չէ, որ ասել եմ»,- նշեց Կիվիրյանը։

Նրա խոսքով, եթե մի քանի հարյուր տարի առաջ, երբ այն ժամանակվա Հայաստանը միայն աշխարհագրական անուն ու պատմական հիշողություն ուներ, Փաշինյանի նման գործիչներ լինեին, Հայաստանը պատմականից իրական չէր դառնա. «Այլ որակի ու մտածողության գործիչներ կային։ Նրանք իրական դարձրին պատմական Հայաստանը։ 2018-ին Փաշինյանին տվեցին երկու իրական հայկական պետություն, նա մեկը դարձրեց պատմական։ Հիմա նա փորձում է հայ ժողովրդին պահել այս կեղծ դիսկուրսի մեջ»,- նշել է Կիվիրյանը։

«Ոչ ոք քեզնից (Փաշինյանից) չի պահանջել քեզնից հետո թողնել ավելին, քան ստացել ես։ Ոչ ոք չի պահանջել ազատագրել Վանը, Արարատը։ Դու ամբողջ Արցախն իրականից պատմական դարձրիր, պատմական դարձրիր Հայաստանի սահմանների մի մասը, և Սյունիքի կամ նույնիսկ ամբողջ Հայաստանի վրա սպառնալիք հայտնվեց։ Եվ ամեն անգամ նա հանրությանը զբաղեցնում է իրական և պատմական Հայաստանի մասին խոսակցություններով»,- շարունակեց Կիվիրյանը՝ նշելով, որ Փաշինյանի կեղծ խոսակցությունների մեջ խորանալն անշնորհակալ գործ է։