Կինս 2022 թվականին եղել է երեխայի խնամքի արձակուրդում, իսկ 2023 թվականին անցել է աշխատանքի. դա պետք է հաշվի առնել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը՝ անդրադառնալով «Ժողովուրդ» օրաթերթի լուրին, ըստ որի Պարսիլյանի կնոջ աշխատավարձը քառապատկվել է:

Այսօր օրաթերթը գրել էր. «Մինչ ՔՊ իշխանության գալը Նվարդ Սարգսյանը (Տիգրան Պարսիլյանի կինը) աշխատել և վարձատրվել է ինչպես շարքային քաղաքացի: Բայց մի քանի տարի անց տիկնոջ աշխատավարձը քառապատկվել է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին 1.2 միլիոն դրամ աշխատավարձից պատգամավորի կնոջ աշխատավարձը 2023 թվականին դարձել է 4.9 միլիոն դրամ»:

Պարսիլյանը շարունակեց. «Այսինքն չի տացել աշխատավարձ, հետո ստացել է աշխատավարձ: Այս հարցը կարելի էր ճշտել իր գործատուից:

Կինս աշխատում է որպես ուսուցիչ և որ դրանից բացի, նաև իրականացրել է վերապատրաստման տարբեր ծրագրեր: Իմ կինը չափահաս է և հաշվետու չէ իմ առջև, այլ հաշվետու է հանրության առջև։ Ես չէ, որ պետք է գնամ իմ կնոջից հաշվետվություն պահանջեմ իր աշխատավարձի վերաբերյալ։ Կարող է ձեր պատկերացրած ընտանիքի մոդելն այդպիսին է, բայց իմը այդպիսին չէ:

Լրագրողը պետք է հասկանա, որ իր յուրաքանչյուր տողով կարող է մարդու հեղինակության, ընդհանրապես նրա հանրային ընկալման հետ խաղա, որ այն զենքի նման մի բան է, որ կրակեցիր, հետո չկարողանաս դրա հետևանքները վերացնել»:

Նա բերեց մեկ այլ օրինակ, որ լրագրողը վերցնում է իր եւ իր կնոջ հայտարարագրերը, սակայն չի վերցնում հոր հայտարարագիրը, որտեղ նշված է, որ կա անշարժ գույք. «Հետո գրում է, որ մենք անտուն ենք: Դա նորմալ լրատվամիջոցին հարիր բա՞ն է: Սա է զայրացնողը»:

Նա շատ վրդովվեց լրագրողների՝ կնոջ եկամուտներին վերաբերող հարցերից և նշեց, որ կնոջ եկամուտներն ամեն տարի վերլուծության չի ենթարկել։. «Դուք խոսում եք ամսական 300 հազարից ավելի աշխավարաձի մասին եւ խոսում եք կրթահամալիրի աշխատակցի մասին, որը վճարովի ՊՈԱԿ է, իրենց աշխատավարձը չի գեներացվում  միայն պետական ֆինանսավորմամբ։ Այնտեղ կա այլընտրանքային կրթություն,  կան վերապատրաստման ծրագրեր։ Իմ կինն աշխատել է ոչ թե ուսուցչի մի քանի ժամը, ինքն աշխատել է այնքան, ինչքան շատ-շատ ուսուցիչներ չեն աշխատել՝ կտրելով երեխաներին հատկացվող ժամանակից:

Իմ կինը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է աշխատում, որը հսկայական դպրոց է՝ 5000 սովողով: Ինքը թվային ոլորտի հետ կապված դասընթացներ է անցկացնում»,-ավելացրեց նա։