Եթե մենք խոսում ենք պետության կառավարչի տեսակետից, իհարկե աննորմալ է, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ազատում են SMS-ի միջոցով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:
«Որովհետև այստեղ խոսքը միայն այդ անհատները չեն, դա պետական կառույց է։ Խնդիրը Վահե Ղազարյանը չէ, խնդիրը Արգիշտի Քյարամյանը չէ, խնդիրն այն է, որ դրանով հեղինակազրկվում է Քննչական կոմիտեն, Ներքին գործերի նախարարությունը։ Անկախ նրանից, որ այս մարդիկ վեց տարի շարունակ իր հետ ճանապարհ են անցել, տարբեր պաշտոնների են նշանակվել, ծառայել են այնքան, որքան կարողացել են, արել են իր բոլոր անօրինական հրահանգները և այլն: Բայց SMS-ով թեկուզ իրեն ենթակա, իր կամքը աներկբա կատարողներին հեռացնելը նշանակում է ուրեմն հեղինակազրկել կառույցները: Ըստ էության գնում է կառույցների կազմալուծման աշխատանք, որը նոր բան չէ։
Ես սա ասում եմ դա նորմալ կառավարիչների պարագայում, բայց մենք խոսում ենք Փաշինյանի մասին։ Այս մարդու գործողությունները տրամաբանական վերլուծության ենթարկել՝ նշանակում է ժամավաճառությամբ զբաղվել, որովհետև հնարավոր չէ հասկանալ, թե այդ մարդու գլխում ինչ է կատարվում և ինչպիսի էքսցենտրիկ հերթական քայլի է նա գնալու»,-ասաց նա:
Էլինար Վարդանյանը նկատեց, որ SMS-ով ազատված պաշտոնյաներից որևէ մեկը ինքնուրույն որոշում չի կայացրել մինչ այժմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը գլխավոր քննիչն էր, գլխավոր ոստիկանն էր, մի քիչ որ մնա, գլխավոր բժիշկն է Հանրապետության. «Ինքը ամեն ինչն է: Բայց նույնիսկ այս պարագայում այդ մարդկանց այդպես բան, արժանապատվությունը ստորացնելով դեն նետելը նշանակում է, որ որևէ պաշտոնյա երաշխավորված չէ, որ իր արժանապատվությունը նույն ձևով չի ոտնահարվելու և չի ստորացվելու։ Եվ, իհարկե, սա ազդակ է:
Բայց այստեղ մի այլ կարևոր հարց կա. այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում իմացավ, թե ինչ է կատարվում մեր իրավապահ համակարգում, որ հանցավորության ինչպիսի աճ կա, որ դա չեն կարողանում կանխել և այլն։ Սա ուղղակի հերթական քայլ է, հետագայում հեղափոխական Նիկոլ Փաշինյանի նոր կերպարով հանդես գալու։ Ինքը մի անգամ 2018-ին, ըստ իրեն, հեղափոխություն արեց, հիմա էլ ժամանակն է հեղափոխությամբ ազատվել իր իսկ կողմից ստեղծված բարքերից։ Ես վստահ եմ, որ նոր բարքերը ամենևին չեն տարբերվելու, որովհետև այս մարդը չի կարող չլինի ամեն ինչի գլխավորը, բայց հարցն այն է, որ ինքը հանրությանը փորձելու է համոզել, որ տեսեք սիրելի ժողովուրդ, այս մարդիկ այս ի՞նչ վատ էին աշխատում, ես էլ տեղյակ չէի, ես էլ ազատվեցի իրենցից և ես չեմ մեղավորը, մեղավորը իրենք են»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը:
Էլինար Վարդանյանը խոսքով, երկրում առկա իրավիճակի մասին Փաշինյանը շատ լավ գիտեր, պարզապես իրեն պետք էր այս պահին իրեն պետք էր ժողովրդի առջև ռեստարտի հնարավորություն ստանալ:











