Երեք տասնյակից ավելի փոքր ու միջին գործարարներ են մասնակցել «Բիզնեսի խթանման նորարարության օրեր 2024» միջոցառմանը։ Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատն արդեն չորրորդ տարին էր կազմակերպում այս միջոցառումը։ Այս անգամ նրան է միացել ICC in Armenia` «Միջազգային առևտրի պալատը Հայաստանում» կազմակերպությունը։ Ծաղկաձորում անցկացվող երկօրյա սեմինարի նպատակն էր հայ ձեռներեցներին ծանոթացնել եվրոպական շուկաներ, մասնավորապես, Շվեյցարիա արտահանման համար անհրաժեշտ ստանդարտներին ու պահանջներին, նաեւ հնարավորություն տալ ներկայացնել իրենց արտադրանքը։

«Արտահանումը երկրի էկոնոմիկայի ամենակառուցվածքային ճյուղն է։ Եթե արտահանումը զարգանում է, նշանակում է, որ կբացվեն աշխատատեղեր, ընկերությունները կվճարեն հարկերը, այդպիսով,  և՛ պետությունը,  և՛ ընկերությունները կհզորանան»,– նշեց Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի խորհրդի քարտուղար, տնօրեն Գոհար Սեխիան–Սանֆիլիպպոն։

Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանզը հայ-շվեյցարական բիզնես կապերի զարգացման համար չափազանց կարևոր է համարում նման միջոցառումները։ Նրա խոսքով՝ թեև Հայաստանի արտաքին առևտրի առյուծի բաժինը դեպի Եվրասիական տնտեսական միություն է, մասնավորապես՝ Ռուսաստան, սակայն կարևոր է շուկան դիվեսիֆիկացնել։ Այս միջոցառումն այդ ուղղությամբ կարևոր քայլ է։

«Այս միջոցառումը երկու նպատակ ունի։ Մի կողմից, այն հնարավորություն է տալիս փոքր և միջին ձեռնարկությունների հայ ներկայացուցիչներին հանդիպել Շվեյցարիայի բիզնես գործընկերների, պոտենցիալ ներդրողների հետ։ Երկրորդ նպատակը հայ և շվեյցարացի մասնակիցներին ծանոթացնելն է երկրների բիզնես միջավայրին, որպեսզի հասկանան գործարար մշակույթն ու միջավայրը, տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան։ Հայկական ընկերությունների, նրանց արտադրանքի վերաբերյալ Շվեյցարիայում ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք կա։ Ցավոք, երկկողմ առևտրային հարաբերությունների ծավալը նվազել է։ Թեև կրճատված մասնաբաժնով, այնուամենայնիվ, Շվեյցարիան շարունակում է մնալ հայկական ապրանքների արտահանման թոփ 10 ուղղությունների թվում»,– ասաց դեսպանը։

Նա դժվարանում է ասել, թե ի՞նչն է առևտրաշրջանառության նվազման պատճառը, հատկապես, որ պայմանները բարենպաստ են։ Նշեց՝ երկու կողմն էլ դեռ այնքան լավ չեն ճանաչում միմյանց, տեղեկություն չունեն շուկաների և բիզնես միջավայրի վերաբերյալ։ Շվեյցարիայի դեսպանը նաև նշեց, որ Հայաստանում շվեյցարական համագործակցության գրասենյակն աջակցում է Հայաստանի տնտեսական զարգացմանը տարբեր մակարդակներում, օրինակ՝ գյուղատնտեսության արդիականացման հարցում՝ ի թիվս այլ նախաձեռնությունների խթանելով գյուղատնտեսության մեջ մասնագիտական ուսուցումը։ Նա կարևոր է համարում Միջազգային առևտրի պալատի հայաստանյան կազմակերպության գործունեությունը։ 1919 թվականին հիմնադրված միջազգային կազմակերպությունը կոմիտեներ ունի աշխարհի 93 երկրներում, անդամների թիվն անցնում է 45 միլիոնը։ Հայաստանի կոմիտեն ստեղծվել է 2018 թվականին, սակայն ակտիվ գործունեությունը սկսել է 3 տարի առաջ։ 150 անդամների մոտ կեսը Հայաստանում չեն ապրում։

Բիզնեսի խթանման նորարարության օրեր 2024 միջոցառման ընթացքում միջազգային փորձագետները ներկայացրեցին, թե ինչ փոփոխություններ պետք է անել հայկական արտադրանքը միջազգային շուկա դուրս բերելու համար։ Մի քանի տասնյակ հայ ձեռներեցներ հնարավորություն ունեցան մասնակցելու միջազգային փորձագետների մաստեր կլասերին, լսել օգտակար խորհուրդներ՝ ինչպես բիզնեսը ճիշտ պատրաստել եվրոպական շուկաներ արտահանելու համար, կամ ինչպես ընդլայնել արտահանման շուկան։

Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամ Գալուստ Զորիկն անդրադարձավ Շվեյցարիայում բիզնես կապեր ստեղծելու հնարավորություններին։ Միջազգային առեւտրային պայմանագրերի նրբությունների մասին խոսեց Վիկեն Բայրամիանը։

ICC Հայաստան կազմակերպությունից Հայկ Մարգարյանը կարևոր համարեց արտահանման դիվերսիֆիկացիան, նաև ուշադրություն հրավիրեց Հայաստանում արտադրանքի որակը բարձրացնելու անհրաժեշտության վրա։ Նշեց՝ դա կհեշտացնի դեպի եվրոպական շուկա հայ արտադրողների մուտքը։ Արտադրանքի ստանդարտացման ու սերտիֆիկացմանն անդրադարձավ ICC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանը։

«Այդ ստանդարտներն անհրաժեշտ են, որ հայկական ընկերությունները միջազգային ընկերությունների հետ գործարքների ժամանակ ներկայացնենք դրանք։ Պետք է վստահ լինեն, որ ամբողջ արտադրանքը նույն ստարդարտով է և համապատասխանում է չափանիշներին։ Սա ոչ թե մարքեթինգի համար է արվում, այլ գործընկերների վստահության համար է։ Հայաստանում արդեն բավական շատ կազմակերպություններ կամ, որ աշխատում են այդ ստանդարտներով»,– ասաց նա։

Փոքր և միջին հայ ձեռներեցների համար իրենց արտադրանքը եվրոպական շուկայում ներկայացնելու ևս մեկ հնարավորություն։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց  Armenia Commerce Connect պլատֆորմը՝ Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի և ICC Հայաստան կազմակերպության համաֆինանսավորմամբ։

«Հայկական արտադրողները  պետք է կարողանան այդ հարթակի միջոցով սկզբում դեպի Շվեյցարիա, ապա դեպի Եվրոպա և ամբողջ աշխարհ արտահանումն ապահովել։ Պետք է գրանցվել այդ կայքում եւ ներկայացնել իրենց արտադրանքը։ Առաջիկա տարիներին պետք է աշխատենք, որ այդ հարթակը դիտարկեն որպես հայկական արտադրանքի մասին տեղեկություններ ստանալու աղբյուր»,– նշեց Րաֆֆի Սեմերջյանը։

Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրանզն էլ ընդգծեց. «Armenia Commerce Connect հարթակի ստեղծումը մեծ ներուժ ունի տեղեկատվություն տարածելու, աջակցելու տեղական բիզնեսներին՝ կապվելու պոտենցիալ ներդրողների և համաշխարհային շուկաների հետ»:

«Դա B2B կայք է, սակայն մենք տեսնում ենք ամբողջ ինֆորմացիան, և դա մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի օգնենք հայկական ընկերություններին  վերացնել թերությունները և ճիշտ ուղորդենք»,–  նշեց Գոհար Սեխիան–Սանֆիլիպպոն։

Մասնագետները հայ-շվեյցարական առևտրային կապերի զարգացման հնարավորություններ են տեսնում գյուղատնտեսության, սննդի վերամշակման, զբոսաշրջության ոլորտներում։

Միջոցառման ընթացքում մոտ երեք տասնյակ հայկական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, դրանց մրցակցային առավելությունները եւ արտահանման ներուժը։ Մրցանակներ ստացան երեք լավագույնները, որոնք իրենց բիզնեսում հաջողությամբ կիրառում են նորարար մոտեցումներ։