Դա քաղաքական մեր թիմն է, մեր քաղաքական թիմի ղեկավարը ինչ հորդորի է, ինչ հարցով որ դիմի, անձամբ ես պատրաստ եմ այդ հորդորին հետևել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդգար Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե եթե վարչապետը իրեն հորդորի վայր դնել մանդատը, ինքը կհետեւի՞ այդ հորդորին:

 Հարցին՝ այսինքն նորմա՞լ է, որ վարչապետը ձեզ ցանկացած խնդրանքով դիմի, եթե անգամ հակաօրինական է, նա պատասխանեց. «Ես կարծում եմ՝ նման հորդորի դեպքում պատճառ պետք է լինի: Ես չեմ կարծում, որ իմ գործունեության ընթացքում ես այնպիսի բան կարող եմ թույլ տալ, որ նման խնդիր առաջանա, որ նման հորդոր լինի։

Ավելի շատ կարծում եմ, որ ինչ-որ մի պատգամավոր, իր գործունեությունը սխալ ծավալի, հանրային պահանջ առաջանա, և նման հորդորը  ըստ հանրային պահանջի կարող է տեղի ունենալ: Այո, իրավական մասով ճիշտ եք, պատգամավորի գործունեությունը ազատ է, անկախ գործունեություն է»:

Իսկ ո՞րն էր հանրային պահանջը Հովիկ Աղազարյանի կամ Նարեկ Զեյնալյանի հետ կապված, հարցին էլ արձագանքեց. «Դա պատգամավորի որոշումն է՝ իր մանդատը կդնի, թե չէ: Եթե կա իրեն ընտրող ժողովրդի կողմից պահանջ, պատգամավորներ կան, կարող են այդ պահանջը կատարել, կարող են չկատարել, դա հայեցողական է»:

ՔՊ-ական պատգամավորի խոսքով, այստեղ խոսք չկա պարտադրանքի մասին. «Նման դեպք ես այսքան ժամանակ ոչ լսել եմ, ոչ գիտեմ, որ կարող է լինի։ Դա հիմնականում պատգամավորները նորից եմ ասում, եթե նման խնդիրը առաջանում է, դա կարող է, հա՞, ինչ-որ օրինակ (02:32) Նույնը կարող է լինել ընդդիմադիր պատգամավորների գործունեության ընթացքում կամ իշխանական»:

Լրագրողը նաեւ Էդգար Հակոբյանից հետաքրքրվեց, թե ինչ կանի, եթե վարչապետն ասի՝ «դուք բիզնեսներ ունեք, այդ բիզնեսների հետ կապված խնդիր կա, կոռուպցիայի հետ մեջ եք թաթախված, պետք է մանդատը վայր դնեք», նա ասաց. «Ես մինչև իմ ԱԺ պատգամավոր դառնալը զբաղվել եմ բիզնես գործունեությամբ, բոլորը գիտեն, մենք ընտանիքով աշխատել ենք, ձեռք ենք բերել հալալ մաքուր քրտինքով: Ես Ազգային ժողով հետո դադարեցրել եմ իմ բոլոր գործունեությունները, ես զբաղվում եմ իմ աշխատանքով։ Ինչը, որ կա իմ ընտանիքն է զբաղվում այդ ամեն ինչով, ամեն ինչ օրենքով և հարկերը, տուրքերը վճարելով շարունակում են իմ ընտանիքի անդամները այն աշխատանքը, ինչը որ ես դադարեցրել եմ, իմ եղբայրներն են կատարում»: