Գյումրիում, իշխանությունները հերթական իշխանազավթման փորձը արեցին, ինչպես որ մենք տեսել ենք ՏԻՄ ընտրություններում ամբողջ Հայաստանում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը
«Վարդենիսում իրենց ցանկալի մարդը չէր, ռեպրեսիաներ արեցին, Թալինում ռեպրեսիաներ, Բերդում ռեպրեսիաներ, Վանաձորում ռեպրեսիաների գագաթնակետ: Հիմա նույնը փորձեցին անել Գյումրիում, գյումրեցիները դրան չգնացին և ստեղծվեց մի իրավիճակ, որ այս իշխանությունների ռեպրեսիվ ծավալապաշտական քաղաքականության հետևանքն է։
Երկրորդը՝ Փաշինյանին հասցեին քննադատություններ եղան, որ գիշերվա կեսին մենակ որոշեցիր, SMS-ներ գրեցիր, հիմա ինքը դեմոկրատիա-դեմոկրատիա է խաղում, թե ես չեմ որոշում, Գյումրիում Փրայմերիզ կանցկացնենք, կորոշենք։ Կա՞ այս երկրում ինչ-որ մեկը, որը կարծում է, որ իրենք գնալու են Փրայմերիզի: Կա ինչ-որ մեկը, որը իլյուզիա ունի, թե Նիկոլ Փաշինյանը հանկարծ կասի՝ կուսակցականներ, գնացեք որոշեք, ես էլ մի կողմ կքաշվեմ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ Փաշինյանն ասում է, որ գյումրեցիներն են որոշելու, Խաչատրյանն ասաց. «Գյումրեցիները որոշելու հնարավորություն կունենան, երբ լինի ընտրություններ։ Վերջիվերջո, եթե իրենց գյումրեցիների կարծիքն է հետաքրքրում, գյումրեցիները իրենց կարծիքը արդեն հայտնելի էին և «Բալասանյան դաշինքը» ստացել էր մեծամասնություն։ Այսինքն իրենք գյումրեցիների կարծիքով ընդհանրապես մտահոգված չեն, այլապես այս խայտառակությունը չէր լինի, որ արեց ՔՊ-ն սկզբից հրաժարվելով իր մանդատներից, հետո էլ քաղաքը հասցրեց կուլապսի եզրին»:











