Նախկինում ես չեմ հիշում, որ ինչ-որ նախարար դատապարտվի հինգ տարի ազատազրկման ժամկետով կոռուպցիայի համար. Հիմա բերել և համեմատել մեզ նախկինների հետ, ճիշտ չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔՊ-ական պատգամվոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով կոռուպցիոն սկանդալներին եւ պնդմանը, որ այդ առումով գործող իշխանությունը նախկինից վատն է:
«Բա եթե ամեն ինչ լավ լիներ, ինչու պետք է նախարար, փոխնախարարներ կամ պաշտոնատար անձինք մեղադրվեն կոռուպցիայի մեջ։ Հետևաբար մենք անհաշտ ենք կոռուպցիայի հետ, դա մեր համար սկզբունքային հարց է, դրա համար այսօր նախարարներ են դատվում, քրեական գործեր կա պաշտոնյաների վրա»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ կոռուպցիան ծաղկում է այսօր, նա նկատեց. «Ինչքան ծաղկում է, այդքան էլ բռնվում են: Եե անհաշտ չլինեինք, հաշտ լինեինք, կոռուպցիան կծաղկեր և դատվողներ չէին լինի, քրեական գործեր չէին լինի։ Ավելանում է կոռուպցիայի դեպքերը, ավելանում են նման քրեական գործերը։ Օրինակ, երեկ կարծեմ հրապարակվեց նախկին ԱԻՆ նախարարի վճիռը»:











