ՀՀ-ում տեղի է ունենում գաղափարական տրանսֆորմացիա, և այդ գաղափարական տրանսֆորմացիան մենք անվանում ենք Իրական Հայաստանի գաղափարախոսություն։ Այս մասին Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Հայաստանում և տարածաշրջանում գործընթացներ են տեղի ունենում, որոնց մասին ցանկանում է զրուցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

«Այդ գաղափարախոսության էությունը հետևյալն է. որ ՀՀ-ը 29 743 քկմ-ով պետություն է, որն ունի մեկ խնդիր և մեկ նպատակ՝ ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, երջանկությունը, և ուրիշ նպատակ ՀՀ-ն իր առաջ չի դնում»,- ասել է նա։

Նա նշել է, որ «իրական Հայաստանի» գաղափարախոսությունն առաջին հերթին ՔՊ–ի գաղափարական տրանսֆորմացիան է, և իրենք պետք է այնպես անեն, որ դա դառնա ամբողջ հայության գաղափարական տրանսֆորմացիան և Սփյուռքի շրջանում նույնպես գաղափարը որոշակի աջակցություն ստանա։

«Եկել եմ մի եզրակացության, որ Հայաստանի 3-րդ հանրապետության հիմնադրման առաջին օրից, մենք չենք նկատել, որ ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, իրականում եղել է մեկ կուսակցության գաղափարախոսություն: ՀՀ-ում, ըստ էության, գործող բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո: ՀՀՇ-ին թվացել է, որ իրենք ավելի լավ դաշնակցական են, քան՝ իսկական դաշնակցականները: ՔՊ-ին թվացել է, որ մենք ավելի լավ դաշնակցական ենք, քան՝ իսկական դաշնակցականները»,–ասել է  Փաշինյանը։

Նա նշել է, որ ՀՀ-ն հենման կետ է ավելի բարձր ազգային նպատակներին հասնելու համար, ավելի մեծ ազգային խնդիրներ լուծելու համար:

«Ցավոտ լուրն այն է, որ մենք այս գաղափարախոսությանը եկել ենք ձեզ հայտնի իրադարձություններից հետո, բայց եթե ի վիճակի լինեինք պատմությունից դասեր քաղել, գաղափարապես դաշնակցական չէինք լինի։ Բայց 2020 թիվն էլ է մեր պատմությունը, գոնե հիմա դասեր քաղենք։ Մենք խնդիր պետք է դնենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության ապրելը հնարավոր դարձնելու համար»,–ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հայերի մտածողության հիմնաքարային խնդիրն այն է, որ կարծում ենք, թե մեր տարածաշրջանում ապրելու համար արտաքին օգնություն է պետք, և դրանից են բխում խնդիրները, որոնք մենք ունենք։

«Միջավայրում առանց օգնության ապրելու արտաքին բանաձևն ամենևին չի նշանակում մեկուսացում աշխարհից, խոսքը մեր արտաքին հարաբերությունների ընկալման կետի մասին է, թե մենք ինչի համար ենք հարաբերություններ ձևավորում, և այս առումով մեր խաղաղության օրակարգը հենված է հենց այս ընկալման և այս տրամաբանության վրա»,- հավելել է Փաշինյանը։