Սերբիայի Սկուպշչինայում (խորհրդարան) երեքշաբթի քաշքշուկ է տեղի ունեցել, ընդդիմությունը նիստերի դահլիճում ծխային նռնակներ է օգտագործել, հեռարձակումը վարել է օրենսդրական ժողովի կայքը։

Սկուպշչինան երեքշաբթի սկսել է գարնանային նստաշրջանի իր առաջին նիստը: Պատգամավորները մոտ 50 կետից բաղկացած օրակարգ են ընդունել, որոնցից հիմնականը կրթության մասին օրենքում փոփոխություններն են՝ կապված նոյեմբերի 1-ին Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի փլուզման հետեւանքով 15 մարդու մահվան առնչությամբ զանգվածային բողոքի ցույցերի հետ։

Օրակարգի հաստատումից հետո ընդդիմադիր «Կանաչ-ձախ ճակատի» պատգամավոր Ռադոմիր Լազովիչը ոտքի է կանգնել եւ ուղղվել դեպի նախագահություն՝ երկրի ղեկավարության հասցեին բղավոցներով, նրա հետեւից ոտքի են կանգնել կուսակիցները, դահլիճի կենտրոնում քաշքշուկ է սկսվել անվտանգության աշխատակիցների եւ կառավարող կոալիցիայի անդամների հետ։

Քաշքշուկի ժամանակ ընդդիմադիր պատգամավորիները ծխային նռնակներ են նետել, եւ նիստերի դահլիճը լցվել է ծխով։ Խորհրդարանի խոսնակ Անա Բրնաբիչի վրա ջուր են լցրել։

Չնայած աղմուկին եւ անկարգություններին՝ առաջին փոխվարչապետ եւ ֆինանսների նախարար Սինիշա Մալին հնչեցրել է առաջարկներ բարձրագույն կրթության մասին օրենքի լրացումների մասին, որոնք ենթադրում են պետական բուհերի ֆինանսավորման, դասախոսների աշխատավարձերի ավելացում 16 տոկոսով եւ բյուջեից ուսանողների ուսման վարձի 50 տոկոս փոխհատուցում։