Հյուսիսային Կորեայում հրապարակել են փաստագրական ֆիլմ երկրի նոր առաջնորդի` Կիմ Չեն Ընի մասին: Ֆիլմում նա հանդես է գալիս իսկական  «մաչոյի» կերպարով: Արեւմտյան մամուլն այս ֆիլմում մատնանշել է շատ հետաքրքիր առանձնահատկություն: Այն է, որ ֆիլմում նորընտիր առաջնորդի մի քանի դիրքեր հստակորեն հիշեցնում են Ռուսաստանի նախկին առաջնորդ Վլադիմիր Պուտինին, թեեւ նրանց կարծիքով Պուտինը նախընտրում էր topless դիրքն ընդունել:

Ֆիլմում Հյուսիսային Կորեայի երիտասարդ առաջնորդն արշավում է ձիով, վարում է տանկ, հետեւում կործանիչների թռիչքին եւ ուսումնական զորավարժություններին: Սակայն, ինչպես նշում է  The Daily Mail թերթը, ԿԺԴՀ-ի նոր առաջնորդի ձին «երջանիկ չի երեւում», իսկ տանկում նորընծա ղեկավարն այնիպիսի տեսք ունի, կարծես  խրված է մնացել այնտեղ:

Թերթի կարծիքով` հյուսիսկորեական քաղաքական գործիչներն այդպիսով ցանկացել են ցույց տալ, որ իրենց առաջնորդն ի զորու է անելու այն ամենը, ինչը որ ժամանակին արել է Պուտինը:Այս դեպքում նկատի ունեն ռուսական առաջնորդի հայտնի այն նկարները, որտեղ Պուտինը ձիու վրա է, նետահարում է կետին, կամ «Հարլիի» ղեկին է, կամ էլ կառավարում է կործանիչը, ինչպես նաեւ սառը գետում մերկ լողում ու Սիբիրում ձուկ է որսում:

Կիմ Չեն Ընի մասնակցությամբ ֆիլմը նկարահանվել է 2009թ. եւ ապացուցում է, որ այն ժամանակվանից արդեն նրան նախապատրաստում էին որպես ժառանգի: Կիմ չեն Ընի հայրը` հանգուցյալ Կիմ Չեն Իրը, ֆիլմում իր որդուն անվանում է «հանճարների հանճար»:

Այսօր` հունվարի 10-ին, Հյուսասային Կորեայի բանակը հանդիսավոր կերպով հավատարմության երդում է տվել առաջնորդին: Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության (ԿԿՀԳ) հաղորդագրության համաձայն` հանդիսավոր արարողությունը կայացել է Կիմսուսանի հիշատակի պալատի մոտ, որտեղ հանգչում է ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենի աճյունը:

«Մենք հզոր պատնեշ կստեղծենք, որպեսզի պաշտպանենք մեր գլխավոր հրամանատարին, մենք մահն անտեսելով կվերածվենք հրացաների եւ ռումբերի` Կիմ Չեն Ընին պաշտպանելու համար», -  Կորեական ժողովրդական բանակի բոլոր զորամիավորումների ներկայացուցիչների խոսքերը մեջբերում է ԿԿՀԳ-ն:

Բացի այդ, զինվորականները վանկարկել են «Անտարակույս կպաշտպանենք Կիմ Չեն Ընին» եւ «Ազգային միասնականություն» կարգախոսները, գրում է «Ինտերֆաքս»-ը: