Տարբեր աղբյուրների և հաշվարկների համաձայն՝ Հայաստանի տարածքում պահպանված են շուրջ 30.000 ժայռապատկերներ, որոնք առավելապես տարածված են Սյունիքում, Վարդենիսում, Գեղամա լեռներում: Գիտնականներն ու արվեստաբանները մինչ օրս ուսումնասիրում են հայկական ժայռապատկերների առեղծվածային պատկերագրությունն ու փորձում մեկնաբանել դրանց նշանակությունը:
Արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արաքս Մարգարյանը, որը արվեստաբանաության, ինչպես նաև հայկական խորհրդանիշների վերաբերյալ գրքերի և գիտական հոդվածների հեղինակ է, ուսումնասիրել է հայկական ժայռապատկերներում հադիպող բուսական և կենդանական խորհրդանիշները:
Նրա խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ամենա կանոնակարգվածը, թերևս Ուխտասարի ժայռապատկերներն են, որոնց գերիշխող մեծամասնությունը կազմում են այծերի պատկերները, իսկ ժայռապատկերների համար շատ տարածված են այծքարեր կամ իծագրեր անվանումները: Գիտնականի խոսքով՝ հայկական խորհրդանիշներում այծը հանդիպում է կենաց ծառի հետ և համարվում է կենաց ծառի պահապանը:
«Կենդանիների պաշտանմունքը առաջին հարթին կապված է հողի հետ: Սակայն հնում կենդանուն վերագրվել է և՛ պաշտպանելու հատկություն, և՛ որոշակի գերբնական ուժ, հզորություն, որը մարդը, ցեղային առաջնորդները կամ թագավորները, փորձել են «վերցնել»: Ամեն տոհմի առաջնորդ ուներ իր պահապան կենդանին՝ կախված նրանից, թե կենդանու ո՞ր հատկանիշն է իր համար կարևոր՝ ճարպկությունը, ուժը, խորաթափանցությունը և այլն»,- NEWS.am-ի գիտահանրամատչելի «Բա իմացար» ալիքի եթերում ասաց Արաքս Մարգարյանը:
Հայկական ժայռապատկերների վերաբերյալ ուշագրավ փաստերի և մեկնաբանությունների, ժամանակակից արվեստում հայկական խորհրդանիշների կիրառության և այլ հարցերի շուրջ Արաքս Մարգարյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:











