ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին Երևանի հայտարարությունները չեն կարող ժխտվել որպես ռեալիզմ։ Այս մասին շաբաթական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այստեղ ռեալիզմը ժխտել հնարավոր չէ։ Այն իսկապես բավականին բարդ է։ Եկեք հերթականությամբ հասկանանք. Հայաստանի հնարավոր անդամակցությունը Եվրամիությանն իսկապես անհամատեղելի է հանրապետության՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության հետ։ Ինձ թվում է, որ դա բազմիցս բարձրաձայնվել է ռուսական կողմի կողմից՝ կոնկրետ փաստարկներով», - ասաց դիվանագետը։ Նա ընդգծեց, որ այս փուլում Հայաստանը նույնիսկ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ չի ստացել, և անդամակցության գործընթացն ինքնին կարող է ձգձգվել տասնամյակներ։ Ավելին, ըստ նրա, բաց է մնում հարցը, թե արդյոք Եվրամիությունն իսկապես հետաքրքրված է Հայաստանին ընդունելով, թե՞ այն դիտարկում է որպես ժամանակավոր աշխարհաքաղաքական գործիք։

«Մենք արդեն տեսել ենք, թե ինչպես է ԵՄ-ն վարվել մի շարք երկրների հետ։ Հենց որ հետաքրքրությունը կորում է է, տված խոստումների համար պատասխանատվությունն էլ է կորում։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակները հաստատում են դա. նրանք հայտնվել են Բրյուսելից քաղաքական և տնտեսական կախվածության մեջ», - հավելեց Զախարովան։

Նա նաև զգուշացրեց Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործնական հետևանքների մասին։ Նրա խոսքով, եթե երկիրը միանա ԵՄ-ին, այն կկորցնի ԵԱՏՄ-ի շրջանակներում ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժի հնարավորությունը, ինչը կհանգեցնի մաքսատուրքերի բարձրացման, սպառողների համար գների բարձրացման և ազգային արտադրանքի մրցունակության նվազման։ Հայաստանը կկորցնի նաև իր առավելություններն աշխատանքային և տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական ստանդարտների և այլ ոլորտներում։

«Այս բոլոր հետևանքները պետք է հասկանալ հիմա, որպեսզի հետագայում Հայաստանի ժողովուրդը չհարցնի, թե ինչու իրենց չեն տեղեկացրել այդ մասին», - նշեց Զախարովան։