Միանշանակ կապ կա Աբու Դաբիում Փաշինյան–Ալիև հանդիպման և Հայաստանում ՀՅԴ–ականների ձերբակալությունների միջեւ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
»Դաշնակցությունը դա կարմիր լաթ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, ինչպես ցուլն է կատաղում կարմիր լաթից, որովհետեւ Դաշնակցությունը դա խորհրդանիշ է հայերի ազգային ազատագրական պայքարի։ ՀՅԴ–ն այն ցանցերն է ստեղծել սփյուռքում, որը ցեղասպանությունը ցեղասպանության ճանաչման լոբբինգն է անում։ Այսինքն թուրքերի և ադրբեջանցիների համար Դաշնակցությունը հայկական ռևանշիզմի և նացիոնալիզմի խորհրդանիշն է, անկախ նրանից, թե երկրի ներսում ՀՅԴ–ն արդյո՞ք ունի հնարավորություն իշխանություն վերցնելու, թե չէ։
«Երկու ենթադրություն կարող ենք անել դրանից ելնելով, առաջինը, որ սա ինչ-որ ավանս է, որ ինքը ցույց է տալիս Թուրքիային և Ադրբեջանը, այ, տեսեք, ձեր հիմնական թշնամու նկատմամբ ես հավատանքներ եմ անում։ Եվ երկրորդ տարբերակը, որը չի բացառում առաջին տարբերակը, որ այն հնարավոր օջախները, որ կարող են դիմադրել այ այս ինչ-որ հնարավոր համաձայնությանը, նախահարձակ ձևով այդ օջախները ճնշվում ե։ Նաեւ մյուսների համար դաս, որ ովքեր փորձեն դիմադրել այդ որոշումներին, այսպես կարող է լինել»,–ասաց նա։
Հարցին՝ ի՞նչ պետք է ստորագրվի Նիկոլ Փաշինյանի կողմից, որ մարդիկ փողոց դուրս գան, քաղաքագետը պատասխանեց. «Ինչ-որ մարդիկ փողոց միշտ դուրս են գալիս, ինչ-որ մարդիկ դուրս չեն գալիս, ինչ-որ մարդիկ պատրաստ են փողոց դուրս գալ, եթե իրենք քաղաքական տեքստ լսեն։ Այստեղ նաև պետք է ասել, որ ինչ-որ առումով մեղավոր են նաև քաղաքական ուժերը, որոնք հարցերի պատասխան չունեն։ Այսինքն երբ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ գիտեք ինչ, ես Հայաստանի շահերը մաս առ մաս հանձնում եմ, բայց ես բերում եմ դրա դիմաց խաղաղություն, ներքին կյանքում ինքը ասում է՝ ես սոցիալական արդարություն եմ հաստատում, չնայած արդեն ոչ ոք չի հավատում կամ շատ քչերն են հավատում։ Նաև ասում է՝ այ, երեք հեկտար այսինչ գյուղից վերադարձրի պետությանը, այնինչ մարդուն նստացրեցի։ Սրանով ինքը փորձում է սոցիալական վրեժի ֆունկցիա կատարել և հանրության վստահությունն ունենալ։
Համենայնդեպս ինքը և արտաքին և ներքին ինչ-որ օրակարգ ունի, իսկ մյուս քաղաքական ուժերը այդ քաղաքական օրակարգը ձևավորել չեն կարողանում։ Գուցե նաև դա է պատճառը, որ հանրությունը հասկանում է, որ այո, գործող իշխանությունը անում է սարսափելի քայլեր մեր ինքնիշխանության հաշվին, մեր ապագայի հաշվին, բայց հակընդդեմ առաջարկը ո՞րն է։Ես կարծում եմ, որ առաջին հերթին սա քաղաքական մտքի պարտությունն է Հայաստանում։ Այսինքն միտքը ամուլ է, հանրությանը առաջարկ չեն կարողանում ձևավորել և հանրությունը դրա համար նման իրավիճակում է։
Իհարկե, կան քաղաքական ուժեր հատկապես նոր, որոնք փորձում են հանրային դիսկուրս ձևավորել և նաև ներքին ու արտաքին քաղաքականության առումով, բայց դա չի վերաբերվում այս պահին եղած գլխավոր խաղացողներին»։
Անդրադառնալով նրան, թե որքանով Սամվել Կարապետյանը կարող է քաղաքական հայտ ներկայացնել, Ստեփան Դանիելյանն ասաց. «Քաղաքական հայտը ներկայացված է, համենայնդեպս այն նամակներում, որ ինքը գրում է բանտից։ Այլ հարց է, թե ինքը մտածված մտավ քաղաքականության մեջ, թե իրավիճակը այնպես ստեղծվեց, որ ինքը հայտնվեց քաղաքականության կենտրոնում։ Թե հիմա այդ քաղաքական հայտը ի՞նչ զարգացում կունենա, ի՞նչ քաղաքական ուժ կստեղծվի այս պահին ես չեմ կարող ասել»։
Խոսելով սպասվող ընտրությունների մասին, նա վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանն արդար ընտրություններում հաղթելու որեւէ շանս չունի, իսկ դա իր համար գոյաբանական հարց է. «Ինքը կամ հաղթում է ընտրություններում, վերարտադրվում է, կամ սկսում է հարցերին պատասխանել նույնիսկ իր կամքից անկախ։ Ինքը կարող է հաղթել, երբ բոլոր հնարավոր քաղաքական մրցակիցները հայտնվեն բանտում, երկրում լինի վախի մթնոլորտ, 70-80% ընտրությունների չգնա, 20%–ն էլ իր աջակիցները և ադմինիստրատիվ ռեսուրսն է» Սա իր վերարտադրվելու միակ տարբերակն է և այս դեպքերը ցույց են տալիս, որ ինքը այդ տարբերակն է ընտրել»։











