Ռուսաստանի դիրքորոշումն Ուկրաինայում այն ժամանակ էլ արդեն դժվար էր, և բոլորի համար պարզ էր, որ 2022 թվականի Ջերմուկի իրադարձություններից հետո շատ կոշտ դիրքորոշումը, Հայաստանին շատ կոշտ աջակցությունը կարող էր վտանգել Ուկրաինայի հարցում Թուրքիայի դրական չեզոքությունը, ինչը շատ կարևոր է ռուսների համար։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Իսկ մենք բռնեցինք ու այնպիսի դիրքորոշում ընդունեցինք, որ ռազմական միջամտությունից բացի մեզ ոչինչ ձեռնտու չէ։
«Բացի դրանից, մինչ այդ մենք հրաժարվում էինք կատարել զինադադարի համաձայնագրով ստանձնած որոշ պարտավորություններ։ Նույն հարցը վերաբերում է «միջանցքին»։ Եվ մենք ռուսներին այնպիսի դրության մեջ դրեցինք, որ նրանք պիտի գնային և ադրբեջանցիներին ասեին. «Դուք չեք փակում Լաչինը, չնայած հայերը չեն կատարում իրենց ստանձնած որոշ պարտավորություններ, բայց եթե Լաչինը փակեք, մենք ձեր դեմ ուժ կկիրառենք կամ ձեր նկատմամբ կոշտ դիրքորոշում կընդունենք»։ Այսինքն՝ մենք որոշ գործընթացներում ներդրում ունեցանք, բարդացրինք Ռուսաստանի առանց այն էլ դժվարին վիճակը»,- նշել է փորձագետը։
Ըստ նրա՝ ռազմական միջամտության ակնկալիքն այդ ժամանակ անիրատեսական էր, և հայկական կողմի համապատասխան հայտարարությունները ոչ թե պատճառն են, այլ Ռուսաստանի նկատմամբ նրա վարքագծի արդարացումը։
«Եվ ես կասկած չունեմ, որ նույնիսկ այդ ժամանակ Հայաստանի իշխանությունների նպատակը, գոնե պատերազմից հետո, նրանց մեծ ծրագիրը «Ռուսաստանի լծից Հայաստանի ազատագրումն» էր կամ Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, որի մասին, կրկնում եմ, իրենք էլ բացահայտ խոսում են»։
Եվ հիմա ասել, թե այլընտրանք չկար... Մենք ակտիվորեն ներգրավվեցինք այդ նախագծում, ակտիվորեն փորձեցինք դուրս գալ ռուսական ծիրից։ Ես չեմ ասում՝ դա լավ է, թե վատ, բայց մեղադրել Ռուսաստանին, ասել՝ ոչ թե մենք ենք հեռանում, այլ Ռուսաստանը, իմ կարծիքով, դրանք բոլորը ծիծաղելի հայտարարություններ են», -ընդգծել է պրոֆեսոր Գրիգորյանը։











