Մասնագիտությամբ մանկավարժ, նկարիչ, դիզայներ Հերիքնազ Խաչիկյանը  Հայաստանում վերականգնում է կիրառական արվեստի մոռացված ճյուղերից մեկը համարվող դդմարվեստը:

NEWS.am-ի գիտահանրամատչելի՝ «Բա իմացար ալիքի» «Հայկական արհեստների վերածնունդ» խորագրի շրջանակներում Հերիքնազը պատմեց, թե ինչպես մի օր որոշեց կենդանացնել և արվեստում կիրառել նախնիների կենցաղի անբաժան մասը համարվող կուռմա դդումները:

New Picture (3).jpg (45 KB)

«Երբ շատ փոքր էի, պապիկիս քույրը պատմեց, թե ինչպես են ժամանկին հատուկ դդումների մեջ ցորեն, սնունդ և տարբեր բաներ պահել, որպեսզի թաքցնեն թուրքերից, որպեսզի երբ թուրքերը մտնեն հայերի տները ստուգելու՝ գլխի չընկնեն, որ  հնարավոր է դդմի մեջ ինչ-որ բան պահած լինեն։

Ես էլ միշտ մտածում էի, թե ի՞նչ դդում կարող է լինել, որի ներսում  հնարավոր լինի ինչ-որ սնունդ պահել և այն չփչանա: Շատ երկար էի փնտրում, չէի գտնում, որովհետև իմ տեսած միակ դդումը ուտելի նարնջագույն դդումն էր։ Տարիներ անցել գյուղում ինչ-որ մեկի այգում տեսա թփից կախված հեքիաթային, գեղեցիկ, մեր աչքին անսովոր ֆորմայով դդումներ, որոնց անվանում են շշադդումներ կամ կուռմա դդումներ»,-պատմեց Հերիքնազը:

New Picture.jpg (24 KB)

Կուռմադդումները դեկորատիվ, կիրառելի բույսեր են, որոնք շատ մեծ դժվարությամբ են աճեցնում, քանի որ պահանջում են լուրջ խնամք:

Դդմարվեստի հայրենիքը համարվում է Հարավային Աֆրիկան, իսկ Չինաստանում դեռևս 2000 տարի առաջ մարդիկ զբաղվել են դդմարվեստով: Կուռմադդումներից չինացիները պատրաստել են կենցաղում տարածված իրեր՝ ջրաման, թեյաման, անգամ երաժշտական գործիքներ: Չինատանում կուռմադդումը համարվում է բարեկեցության, առողջության ու պաշտպանության խորհրդանիշ։

New Picture (1).jpg (36 KB)

Հայաստանում նույնպես կուռմադդումների կիրառության վերաբերյալ տվյալներ կան:

Ըստ Գարեգին Սրվանձտյանցի՝ 19-րդ դարում Վանում՝ ճրագալույցի տոնին՝ հունվարի հինգի լույս վեցի գիշերը,  մարդիկ կուռմադդումներից պատրաստված ճրագամանների վրա խաչանման կրտվածնքր են արել, ներսում ճրագ դրել ու կախել տան երդիկներից։

«Ըստ նույն աղբյուրի՝ կուռմադդումներով ճրագամանները ձեռքերին, փոքրիկները շրջել են գյուղում, ավետիսներ են երգել ու Հիսուսի ծննդյան լուրը տարածել: Երեխաները եկել՝ կանգնել են այն դռան առաջ, որի երդիկից կուռմադդում է կախված եղել և այնքան են երգել, մինչև տանտերը դուրս գա և հյուրասիրի փոքրիկներին»,-պատմեց նկարչուհին:

New Picture (2).jpg (93 KB)

Հերիքնազի հետաքրքրությունը դդմարվեստի նկատմամբ սկսվել է մանկուց: Նախասիրությունը վերածվել է աշխատանքի, արհեստը՝ արվեստի… Այսպես արդեն 18 տարի:

«Սկզբում ճյուղագործությամբ էի զբաղվում, նաև քարեր էի հավաքում սարերից, խխունջներ, չորացած ծաղիկներ, հետո սկսեցի կուռմադդումներ աճեցնել. սկզբում փչացնում էի, տարբեր տեսակի դդումներ էի աճեցնում, չէի հասկանում իրենց հետ ոնց վարվել, իրենց լեզուն լավ չէի հասկանում, մինչև որ հմտացա: Արդեն 18 տարի է, ինչ զբաղվում եմ դդմարվեստով, շատ բարդ է եղել ճանապարհը, ոչ մեկ չէր հավատում, որ հնարավոր է դդումներից ինչ-որ բան ստեղծել կամ այն վերածել արվեստի: Իսկ ամենամեծ անակնկալ այն էր, որ մարդիկ իսկապես գնահատեցին այս արվեստը»,-նշեց նա:

Այսօր Հերիքնազը կուռմադդումներից պատրաստում է զարդամաններ, տիկնիկներ, խաղալիքներ, երաժշտական գործիքներ, անգամ պայուսակներ:

New Picture (4).jpg (41 KB)

«Ես նաև դդմարվեստի մասին հեքիաթ եմ գրում. կարծում եմ նախնիներս ինձ այդ սերմը տվել են, այդ պատմությունը տվել են, ես դա համեմատում եմ կուռմադդմի սերմերի հետ, որոնք «կախարդական» են ու եթե դու այդ նախնիներից այդ ուժը ստանում ես ու պատվով առաջ ես գնում, նշաակում է դու նույնօես պիտի կտակես քո սերմը»,-ամփոփելով խոսքը՝ նշեց Հերիքնազը:

Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում

Թագուհի Մելքոնյան