Պիտերյան վարորդները վարչապետ Պուտինի շարասյունը դիմավորել են մեքենաների խլացուցիչ ազդանշաններով: Նրանք խցանման մեջ էին, քանի որ փողոցները փակել էին վարչապետի անխոչընդոտ ընթացքն ապահովելու համար: Դա տեղի է ունեցել հունվարի 19-ին, երբ վարչապետն ուղեւորվում էր ռուսական ֆուտբոլի 100-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու:
Արդյոք ուրախությունից էին ազդանշանում վարորդները, թե ի նշան բողոքի` դժվար է ասել: Թվիթերյան այսպիսի գրառումներ են հայտնվել. «Երեկ 15 րոպե խցանման մեջ եմ եղել, Պուտինի շարասյունն էին առաջ թողել անցնի 1905 թվականի փողոց: Պուտինին դիմավորեցին դժգոհ ազդանշաններով, հետաքրքիր է` ինչպիսին են նրա զգացողությունները», հայտնում է «Էխո Մոսկվի»-ն:
Այս դրվագը համեմատում են Ֆյոդոր Եմելյանենկոյի եւ Ջեֆֆ Մոնսոնի մարտից հետո կատարվածի հետ: Պուտինն այն ժամանակ ռինգ էր բարձրացել, եւ Օլիպիյսկիի հանդիսատեսները նրան ողջունել էին խլացուցիչ սուլոցով:











