2020 թվականի նոյեմբերի 9–ի փաստաթղթում կար երեք կողմ. Ռուսաստանը երրորդ կողմ էր, իսկ վաշինգտոնյան  փաստաթղթում կա երկու կողմ, ԱՄՆ–ն ընդամենը ներկա է գտնվել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Ալեյ Ղևոնդյանը։

«Միջազգային իրավունքի տեսանկյունից դրվագային տարբերություններ իհարկե կան, և դա կապված է նաև նախաստորագրված փաստաթղթի դրույթների կատարման երաշխավորի գաղափարի հետ։ Այդ երաշխավորը փաստացիորեն չկա, այսինքն կա հայ-ադրբեջանական փաստաթուղթ՝ ամերիկյան միջնորդությամբ։

Փաստաթղթերը երբեք խաղաղություն չեն բերում։ Խաղաղությունը միշտ գալիս է ուժային բալանսի տեսքով։ Այսինքն երբ որ կողմերը հասկանում են, որ պատերազմ կամ ռազմական գործողություններ ձեռնարկելը առաջին հերթին իրենց շահերին է վնասում, քան թե խնդիր է լուծում։

Գործող իշխանության համար այս փաստաթուղթը շատ կարևոր էր, և իզուր չի, որ վերջին առնվազն երկու տարվա մեջ, եթե ոչ ավել, Հայաստանի գործող վարչապետը ամեն ինչի գնաց այդ փաստաթուղթը ստանալու համար, որովհետև դա իր համար բավական կարևոր խաղաթուղթ է լինելու ընտրությունների ժամանակ՝ այդ խաղաղության թեզը ծիրաժավորելու տեսանկյունից։ Իրականում խաղաղություն չկա։ Խաղաղությունը այն չի, որ չեն կրակում, խաղաղությունը այն է, որ դու ունես միջազգայնորեն հաստատված, երաշխավորված պարտավորություններ, ինստիտուտներ և մեխանիզմներ, որոնք կարող են զսպել ցանկացած կողմի, այս պարագայում Ադրբեջանի, ռազմական որևէ գործողության հավանականությունը։

Մինչդեռ Ադրբեջանի ղեկավարը 2 օր առաջ Քարվաճառում խոսում էր հայ հասարակության հիվանդ լինելու մասին, խոսում էր զինվելու մասին, Մենք տեսնում ենք ռեգիոնում ինչ է կատարվում, Իրանը նոր հեռահարության, ճշգրիտ խոցման հրթիռներ է արտադրում, դրանց մասին PR հոլովակներ են տարածում, Իրանը ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական համագործակցություն է խորացնում մի կողմից Ռուսաստանի, մյուս կողմից Բելառուսի հետ, դրոններ, հակաօդային պաշտպանության համակարգեր։ Թուրքիան ռազմավարական դրոններ է արտադրում, և դրան զուգահեռ Հայաստանում ինչ-որ մեկը երջանիկ ապուշի դեմքի արտահայտությամբ խոսում է խաղաղությունից, որ այ խաղաղությունը եկել է ռեգիոն։ Խաղաղությունը ցավոք չի եկել այս ռեգիոն»,– ընդգծեց Ղևոնդյանը։

Նա կանխատեսեց, որ վաշինգտոնյան համաձայնություններն իրողություն չեն դառնալու. «Տարբեր գործոններ, տարբեր շահեր կլինեն ռեգիոնում, այդ թվում նաև ամերիկյան քաղաքականությունը կփոխվի այստեղ։ Թրամփին պետք էր այդ փաստաթուղթը, ինքը ստացավ դա, քանի որ ինքն ուզում է նոբելյան մրցանակ ստանալ։

Բացի այդ, չեղարկվեց Ամերիկայի կողմից Ադրբեջանի ռազմատեխնիկական աջակցության արգելքը, որը 30 տարի զսպում էր, որ Ադրբեջանը ամերիկյան զինտեխնիկա չգնի և այս ռեգիոնում ռազմատեխնիկական բալանսը էականորեն չխախտվի։ Մենք հիմա ունենք նոր վիճակ, այսինքն Ադրբեջանը կարող է ԱՄՆ-ից զինտեխնիկա ձեռք բերել։

Իսկ երբ դու Միացյալ Նահանգներից կամ որևէ պետությունից զենք ես գնում, նշանակում է, ձեր հարաբերությունների խորությունը այնպիսին են, որ ձեր գեոպոլիտիկ շահերը զուգահեռվում են, միգուցե իդենտիկ են դառնում։ Ու՞մ դեմ են այդ շահերը Ադրբեջանի և ԱՄՆ-ի դառնում իդենտիկ, զուգահեռ կամ համադրելի»,–ասաց նա։