Վաշինգտոնում ստորագրված այս փաստաթուղթը թերևս մեկ արժեք ունի, և այդ արժեքը Նիկոլ Փաշինյանի հնարավոր վերարտադրության արժեքն է: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը։

«Փաշինյանը բերել է մի թուղթ, որի վերնագրում կա խաղաղության բառ, իսկ իր բովանդակությամբ բոլորը ականներ են Հայաստանի պետականության ոտքերի տակ, Հայաստանի պետականության հնարավոր կորուստով մի փաստաթուղթ, բայց պիտի վաճառել «խաղաղություն» բառը։ Խաղաղություն ցանկացող երկիրը՝ Ադրբեջանը, 24–ժամյա ռեժիմով Հայաստանի հետ չի խոսի Հայաստանին ահաբեկելու լեզվով։ Ադրբեջանը հիմա ավելի քան սպառազինվում է, Ադրբեջանը ռազմական տեխնիկայի բարձրագույն նվաճումներով զինում է սեփական բանակը, ռազմական բյուջեն անգամներով մեծանում է, Հայաստանը խոսում է ապառազմականացման և ռազմական բյուջեի կրճատման և խաղաղության մոդի մասին։

Մեղրու միջանցքը պարզ տրանսպորտային հաղորդակցություն չի: Մեղրի միջանցքը, ըստ էության, ամերիկյան ներկայությունն է Հարավային Կովկասում, և միջանցքի շահագործման առնչությամբ Հայաստանի դերակատարության մասին դեռևս կա զրո հստակություն։ Որքան էլ փորձեն Արարատ Միրզոյանը կամ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին բթացնել, ասելով, թե մենք այս ենք անելու, տնտեսական եկամուտ է լինելու, այսօր ոչ մի հստակ ձևակերպումներ չկան, թե ինչպիսին է լինելու միջանցքի շահագործումը և Հայաստանը ի՞նչ դերակատարություն ունի։

Հայաստանը բախվելու է տնտեսական կլանման Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, մենք նաև մեր ավանդական շուկաները, որ մենք ունենք ԵԱՏՄ երկրների հետ, ըստ էության կորցնելու վտանգի տակ ենք, որովհետև այս համաձայնագրերում Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մեկ այլ պայման է նաև կատարվում, դա երրորդ կողմի ներկայության և այս համաձայնագրից դուրս համաձայնագրերի առաջնահերթություն է։ Սա նշանակում է, որ մենք ընդհանրապես կորցնում ենք մեր ավանդական կապերը, տնտեսական շահավետ փոխհամաձայնությունները և ենթարկվում ենք ադրբեջանաթուրքական պարտադրանքին»։

Հարցին՝ իսկ ի՞նչ է առաջարկում ընդդիմությունը, ինչ պետք է անի այս իրավիճակում, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ես ինքս էլ երբեմն գոհ չեմ մեր վարքագծից գոհ չեմ վարքագծից որովհետև չեմ ուզում որ մենք շարունակ լինենք Նիկոլ Փաշինյանի ականները վնասազերծողի, բացահայտողի կամ ցուցողի դերակատարության մեջ։ Մեր գործունեության յոթ տարիները նախ և առաջ ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանի վարքաբանության, արժեհամակարգի ապամոնտաժմանը և այո, շատերը իրավունք ունեն որոշակի հուսահատության մոտեցում ունենալ։ Բայց մյուս կողմից էլ այնքան էլ արդար չեմ համարում էդ գնահատականը, որովետև, եթե այսօր Փաշինյանի ռեյտինգը 12% սահմաններում է, այդտեղ մերկացնողի, բացահայտողի մեր դերակատարությունը ավելին է։

Մեզ մեղադրել, թե մենք ձեռքներս ծալած նստել ենք, այնքան էլ արդար չի։

Մյուս կողմից ընդդիմությունը մեծագույն խնդիր ունի սոցիալական համախմբումի, կապիտալիզացնելու ընդդիմադիր դաշտի մտածումները, անհանգստությունները և հունավորելու, բևեռացնելու ընդդիմադիր զանգվածին՝ փոխելու Հայաստանի կործանման ընթացքը»։

Հիշեցմանը, որ պատերազմից հետո արդեն հինգ տարի է անցել, բավարար չէ՞ր ընդիմության խոսքը տեղ հասցնելու համար, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Բազմաթիվ գործողություններ եղել են, դրանք ցանկալի արդյունքի այնուամենայնիվ չեն բերել։ Ես կարծում եմ, որ մի քիչ ավելի իմաստուն և խոհեմ պիտի լինենք, մի կողմից դիմագրավելու Հայաստանի լինել-չլինելու իրական մարտահրավերը, մյուս կողմից առանց հանրային համախմբումի և այդ սոցիալական պատվերի, նոր Հայաստանի սոցիալական, արդար, պաշտպանված Հայաստանի, հնարավոր չի փրկել Հայաստանը»։