Եթե մենք նայենք կողմերի քայլերին 2025թվականի օգոստոսի  8-ից հետո, ապա տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը իրոք կատարում է քայլերէ ելնելով այն տրամաբանությունից, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվել է խաղաղություն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է «Ապրի Արմենիա» վերլուծական կենտրոնի ավագ փորձագետ Բենյամին Պողոսյանը։

Սակայն,ինչպես շեշտել է փորձագետը, եթե մենք վերլուծում ենք Ադրբեջանի քայլերը, այդ թվում նաեւ Ադրբեջանի նախագահի հայտրարությունները, ապա տեսնում ենք, որ, ի տարբերություն Հայաստանի,  Ադրբեջանը, կարծես թե, դեռեւս այնքան էլ վստահ չէ, որ երկու պետությունների միջեւ հաստատվել է խաղաղություն։

«Հետեւաբար մենք մի հետաքրքիր իրավիճակում ենք, երբ Հայաստանը կատարում է քայլեր այն տրամաբանությունից, որ արդեն կա խաղաղություն, իսկ Ադրբեջանը կատարում է քայլեր, որոնք չեն բխում այն տրամաբանությունից, որ արդեն կա խաղաղություն», - ասաց Բենյամին Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հետեւաբարհասկանալի է, որ Ադրբեջանը մի քանի շոշափելի արդյունք ստացավ։

«Ամենաառաջինը դա համաձայնությունն էր Մինսկի խմբի լուծարման, եւ մենք գիտենք, որ մի քանի ժամ առաջ արդեն ԵԱՀԿ-ն ընդունել է համապատասխան որոշում այս լուծարման գործընթացը սկսելու մասին։ Եւ տեխնիկապես այն կավարտվի, ի նկատի ունեմ լուծարումը,2025թվականի  դեկտեմբերի 1-ին։

Սա թերեւս Ադրբեջանի շոշափելի ձեռքբերումն էր։

Երկրորդ շոշափելի ձեռքբերումը դա Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերություն սկսելու մասին որոշումն էր։ Գիտենք, որ հրապարակվել է այդ համագործակցության հուշագիրը եւ առաջիկա վեց ամիսների ընթացքում Ադրբեջանը եւ Միացյալ Նահանգները մշակելու են ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Եի թերեւս երրորդ ձեռքբերումը այն էր, որ Ադրբեջանը ստացավ եւս մեկ փաստաթուղթ, որտեղ կրկին խոսվում է անխոչընդոտ անցման մասին։ Որովհետեւ անկախ նրանից, թե ինչ է հասկանում Հայաստանը եւ ինչ է հասկանում Միացյալ Նահանգները, այդ անխոչընդոտ անցման տակ ես գրեթե վստահ եմ, որ Ադրբեջանը պնդելու է, որ տեսեք, արդեն հինգ տարվա մեջ երկրորդ անգամ Հայաստանը համաձայնել է անխոչընդոտ անցման, ինչը Ադրբեջանը կշարունակի մեկնաբանել որպես Հայաստանի համաձայնություն ունենալ անցում առանց մաքսային եւ անձնագրային ստուգումների», - ասաց նա։

Բենյամին Պողոսյանի խոսքով՝ Հայաստանի շոշափելի ձեռքբերումներից այն ՝, որ որոշակի ժամանակահատվածով՝ առնվազն մեկ տարի, գուցե նաեւ ավելի երկար, էականորեն նվազեց ռազմական էսկալացիայի հավանականությունը։

«Դուք նշեցիք, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ ցանկացած պահի, եթե ցանկանային, Սյունիքը կամ   Սյունիքի մի մասը կգրավեին երկու կողմերից հարձակում ձեռնարկելով, թե՜ Ադրբեջանից, եւ թե՜ Նախիջեւանից, եւ այդ վտանգը իրոք կար։ Այժմ հասկանալի է, որ այդ վտանգը էականորեն նվազել է, հավանականությունը նվազել է էսկալացիայի առնվազն մինչեւ 2026թվականի հունիս։ Չեմ բացառում՝ նաեւ ընդհուպ մինչեւ 2028թվականի ավարտ, երբ Միացյալ Նահանգներում նախագահ է Դոնալդ Թրամփը։

Սա թերեւս Հայաստանի ամենակարեւոր ձեռքբերումն է։ Այսինքն մի քանի տարի մենք ունենք բավականաչափ ցածր հավանականություն էսկալցիայի, բայց արդեն Հայաստանից է կախված, թե ինչպես Հայաստանը կօգտագործի այս մի քանի տարին։ Եթե մենք շարունակենք վարվել այնպես, որ արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաստատված է խաղաղություն, ապա հնարավոր է, որ մեկ տարի կամ մի քանի տարի անց մենք կրկին հայտնվենք բավականաչափ վատ իրավիճակում», - ասաց նա։