«Ձայնագրությունը չեմ լսել, բայց վստահ եմ, որ չկա նման բան»։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված ձայնագրություններին։
«Չեմ հավատում պարոն Ղուկասյանից կաշառքի մասին խոսակցություն անգամ, որովհետև պարոն Ղուկասյանը բոլոր խորհրդակցությունների ժամանակին ապարատին ասում է՝ չփորձեք։ Պարոն Ղուկասյանը հո՞ 2 տարեկան երեխա չէ։ Չկա նման բան»,–ասաց Մանուկյանը։
Հարցին՝ այսօր տեղի ունեցածի և Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ–ի ամբիոնից հնչեցրած հայտարարությունների միջև կապ տեսնու՞մ է, Մանուկյանը պատասխանեց.
«Միանշանակ»։
Գագիկ Մանուկյանը նշեց, որ կփորձեն քաղաքը կառավարել, մինչև քաղաքապետն ազատվի։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը։











