«Մենք տեսել ենք գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական պատվեր ԱԺ–ի ամբիոնից, տեսել ենք, թե ինչպես են ՔՊ–ի տարբեր պատգամավորներ միանում և սպառնում Գյումրու քաղաքապետին, տեսել ենք ոստիկանների կիրառած բռնությունը, բերման ենթարկումները։ Կարծում եմ, որ վարչախումբն այսպիսի գործողություններով փորձարկում է ընտրություններին նախապատրաստվածությունը»։ Այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը՝ խոսելով Գյումրիում այսօր տեղի ունեցած գործողությունների մասին։
«Այս վարչախումբը գիտի, որ ընտրություններում պարտվելու է, և դա փորձելու է չեզոքացնել բռնության միջոցով. այսինքն փորձելու են ահաբեկել, որ մարդիկ մնան տանը, չգնան ընտրությունների։ Կամ ընտրությունների արդյունքները կեղծելու են և ստիպեն մարդկանց համակերպվել դրանց հետ»,–ասաց Չալաբյանը։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել են Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ են հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիների։
Դիմակավորված ուժայինները հատուկ գործողություն իրականացնելով, Գյումրիի քաղաքապետարանի հետնամուտքից ավտոմեքենայով շատ արագ ձերբակալել ու տարել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Նրան տեղափոխել են Երեևան՝ Հակակոռուպցիոն կոմիտե։
Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ քաղաքապետարանի 8 աշխատակիցներ, այդ թվում քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ձերբակալվել են կաշառք ստանալու և տալու մեղադրանքներով։
Ձերբակալվածների թվում է նաև քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ կար գաղտնալսված մի ձայնագրություն, որտեղ խոսակցություն էր քաղաքապետի ու գլխավոր ճարտարապետի միջեւ։
Հավելենք, որ հոկտեմբերի 1-ին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Արդեն 6 ամիս է, որ Գյումրին կառավարում է մի կլան, որի ղեկավարը, կամ շատերն են ճանաչում՝ Վարդանիկը, կամ ըստ մեղադրանքի` համայնքային բրուշատկաներ գողացողի հայրն այս ընթացքում այնքան է իրեն արդեն թույլ տվել արտահայտություններ, որ վերջերս հրապարակային կերպով կասկածի տակ դրեց Հայաստանի ինքնիշխանությունը։ ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»,- ասել է Փաշինյանը:











