Ռուսական լրատվամիջոցները եւ բլոգերները Եկատերինբուրգում հանուն Պուտինի հանրահավաքի աստղ են անվանել Պետդումայի պատգամավոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ, վեցերորդ կարգի խառատ Վալերի Տրապեզնիկովին:

Բեմ բարձրանալով աշխատանքային սպիտակ կտորե ձեռնոցներով` նա սկսել է ամբողջ ուժով բղավել պերմցիների անունից` մերկացնելով Բոլոտնայա հրապարակի «միմոսներին» եւ «այծերին»:  Հայտարարելով, որ իր համար մեկ է, թե ով ուր է մտնում, խառատը կոչ է արել միասին վանկարկել «Ուրալ: Ռուսաստան: Պուտին». Հրապարակը Տրապեզնիկովի կոչն ընդունել է քար լռությամբ:

«Եւ այլեւս ինձ չասեք, որ ես չափից դուրս բարձր եմ գոռում հանրահավաքներում,- Տրապեզնիկովի ճառի կապակցությամբ իր բլոգում հեգնանքով գրել է Ալեքսեյ Նավալնին: - Սպիտակ ձեռնոցներով քեռու համեմատ ես մի կողմ քաշված նյարդայնացած ծխում եմ»:

Տարբեր գնահատականներով` ակցիային 8-10 հազար մարդ է մասնակցել: Հանրահավաքի մասնակիցներին տեղ հասցնելու համար իշխանությունները չորս էլեկտրագնացք են տրամադրել: Ինչպես պարզել է The New Times ամսագիրը, Եկատգերինբուրգի հավաքի մասնակիցներին կամավոր-պարտադիր սկզբունքով են հավաքել. Ինչ-որ մեկին լրացուցիչ պարգեւ են խոստացել, մյուսներին` անվճար ուղեւորություն Եկատերինբուրգ, հավաքից հետո էլ` ընթրիք: Աշխատավորների առանձին խմբեր հավաքի ընթացքում պլաստիկ բաժակներով ալկոհոլային խմիչքներ  են խմել, գրում է «Կոմերսանտ» թերթը:

Պուտինի օգտին քարոզարշավի հետաքրքիր մանրամասներ է պարզել Forbes ամսագիրը: Հրատարակչությյան տվյալներով` Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց խումբը երկրով մեկ տեղաշարժվում է Bombardier CRJ200  շքեղ բիզնես-ջեթով: Այդպիսի օդանավի մեկժամյա վարձն առնվազն  3-4 հազար եվրո է: Avcon կայքում կանադական արտադրության ինքնաթիռների ամսական վարձը կազմում է 10.000 դոլարից մինչեւ 250.000 դոլար

Համառուսական ժողովրդական ճակատի ներկայացուցիչը հայտնել է, որ ամեն ինչ վճարված է նախագահի թեկնածուի  նախընտրական հիմնադրամից: Իր հերթին, վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ շրջագայությունը թեկնածուի հիմնադրամից չի վճարվել: Շրջագայության բոլոր մասնակիցները Համառուսական ժողովրդական ճակատի ակտիվ կողմնակիցներ են, նրանք հասարակական կազմակերպութոյւնների անդամ են, որոնք ինքներն ակտիվ աշխատում  են, բացատրել է մամլո քարտուղարը: Վարձակալման եւ ճանապարհորդության արժեքի մասին Պեսկովին ոչինչ հայտնի չէ, գրում  է NEWSru.com-ը: