Հայաստանի Ազգային ժողովում իր աշխատանքն է սկսել Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ) 12-րդ լիագումար նստաշրջանի քաղաքական հարցերի, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստը։ Նստաշրջանը կտևի մինչև հոկտեմբերի 30–ը։

Երեկ հայտնի դարձավ, որ Վրաստանը Ադրբեջանը հրաժարվել են մասնակցել Եվրանեսթի նստաշրջանին։

Եվրանեսթում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Թահիր Միրկիշիլին հայտարարել է, որ Եվրախորհրդարանի փաստաթղթերն ու հայտարարությունները, որոնք կազմում են Եվրանեսթ ԽՎ-ի գործունեության կեսը, հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Նա նաև հավելել է՝ որոշումը կապված չէ նստաշրջանը Հայաստանում անցկացնելու հետ։

Ինչ վերաբերում է Վրաստանին, այդ երկրի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին Եվրանեսթ Խորհրդարանական վեհաժողովին ուղղված իր նամակում նշել է, որ Եվրանեսթ ԽՎ-ի «վերջին գործողությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում՝ Վեհաժողովի հիմնադիր ակտի և Պրահայի Արևելյան գործընկերության գագաթնաժողովի համատեղ հռչակագրի հիմնարար սկզբունքների և նպատակների հետ դրանց անհամապատասխանության պատճառով»։ Ըստ Մախաշվիլիի՝ բազմակողմ երկխոսությունը, որը «նախկինում լայնորեն աջակցվում էր Վեհաժողովի մասնակիցների կողմից, ցավոք, անցյալում է»։