Եթե չլիներ այն հանրային և մասնագիտական աղմուկը, չէինք ունենա այս կասեցումը կամ աշխատանքների այլ հունավորումը, այն պատկերը, որ արձանագրվեց, Ծիծեռնակաբերդում։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2026–ի բյուջեի նախնական քննարկումների ժամանակ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերանորոգման աշխատանքներին։

«Հստակ էր, որ այնտեղ ոչ պրոֆեսիոնալ մոտեցում էր ցուցաբերվել, ոչ պատշաճ նախապատրաստական աշխատանքներ, ոչ պատշաճ նախագծում։ Նույնիսկ հեղինակներից մեկը՝ Սաշուր Քալաշյանը, ասաց, որ ինչ-որ բառադի մոտեցմամբ է իրականացվել։

Ես կարծում եմ, այս ամենը խոսում է այն մասին, որ ոչ հեղինակային վերահսկողություն էր որակյալ իրականացվել, ոչ բավարար փորձաքննություն էր իրականացվել։ Սա մի շարք հետևությունների առիթ պիտի տա։ Ընտրվում են կազմակերպություններ, որոնք հուշարձանների, այն էլ այդ որակի, մակարդակի, բացառիկ հուշարձանների վերանորոգման փորձ, ավանդույթ, համապատասխան մասնագիտական կարողություններ չունեն։

Սրանք խոսում են այն մասին, որ հանրային անհանգստությունը և մասնագիտական անհանգստությունը ոչ թե մանիպուլյացիա է, այլ ժառանգության նկատմամբ պատշաճ վերաբերմունք»,– հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Ի պատասխան Ժաննա Անդրեասյանն ասաց. «Ես միշտ շնորհակալ եմ և ուրախ եմ հանրային ուշադրության ու վերահսկողության համար, ես ինքս էի խոսում հուշարձանների ոլորտում դրա կարևորության մասին։ Թումանյանի թանգարանն ու Ծիծեռնակաբերդը այստեղ են, մեր աչքի առաջ են, մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, որոնք մեր աչքից հեռու են և այդ հուշարձանների հետ տեղի են ունենում շատ տարբեր, ոչ բարենպաստ և այդ հուշարձանները քայքայող, նպատակային օգտագործումը խաթարող գործընթացներ։

Ես շատ ուրախ կլինեմ, որ այդ հանրային ուշադրությունը ես հավասարաչափ տեսնեմ ու զգամ մեր բազմաթիվ բնակավայրերի, բազմաթիվ հուշարձանների նկատմամբ, որոնցով շատ հաճախ միայն մենք ենք զբաղվում։ Նույնիսկ կողքը բնակվող բնակիչները ջանք չեն թափում, օրինակ, ահազանգել մի երևույթի մասին, որը կարող է շատ անհանգստացնող լինել։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ հանրային ուշադրությունն ու վերահսկողությունը այդքան ընտրովի չլինի։

Ինչ վերաբերում է Ծիծեռնակաբերդին, պետք է ասեմ, որ ինքս էլ հեղինակի հետ ամեն շաբաթյա շփման մեջ եմ և ցանկացած հարց մենք քննարկում ենք։ Դա շատ կարևոր հուշահամալիր է և յուրաքանչյուր նույնիսկ մանր դետալը պետք է հասկացված լինի։ Այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում»։