Հայաստանը մինչև նույնիսկ ինձ, իմ նախորդները, իմ գործընկերները հսկայածավալ աշխատանք են արել, ներկայացրել են միջազգային ատյաններում բոլոր բողոքները, դիմումները, ես նույնիսկ ավելացնելու բան չեմ ունեցել, որովհետև այնպիսի որակյալ աշխատանք է կատարված եղել մինչև իմ այս պաշտոնում հայտնվելը, որ ուղղակի մենք պետք է սպասենք արդեն այլ գործընթացների, օրինակ, միջազգային դատական ատյանների որոշումներին։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալովհարցին, թե Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ խոշտանգումների բազմաթիվ ահազանգեր կան, ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։
«Նաև պետք է սպասենք արդեն խաղաղության գործընթացի զարգացումներին, դիվանագիտական այն մեծ աշխատանքին, որ այսօր կատարում են մեր մի շարք կառույցներ, Արտաքին գործերի նախարարությունը, մի շարք հատուկ ծառայություններ և այլն։ Թույլ տվեք այս հարցով որևէ այլ բան չմեկնաբանեմ, որովհետև մնացած ընթացիկ բանակցությունները իրենց տիրույթում են։ Իմ տիրույթում է միայն հետևել, որ մեր միջազգային վեճերը, որոնցով մենք բարձրացրել ենք գերիների այդ ցավոտ հարցը և անհետ կորածների հարցը, ի վերջո ստանա դատական ճիշտ արձագանք»,– ընդգծեց նա։











