Ես մասնագիտացած եմ քաղաքացիական իրավունքի մեջ, առանց գործի մանրամասները իմանալու կդժվարանամ պատասխանել, բայց խնդիր բնականաբար տեսնում եմ ու չեմ բացառում, որ այո, որոշ դեպքերում քաղաքական ենթատեքստ կարող է լինել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7–ին, լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք քաղաքական ենթատեքստ չի տեսնում համատարած կալանավորումների մեջ։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե դատարանները, դատավորները ժողովրդի սրտով որոշումներ չեն կայացնում, նա ասաց. «Չեմ կարող մեկնաբանել քաղաքական գործչի մեկնաբանությունը, որովհետև ես ողջ իմ գործունեության ընթացքում հանդես եմ եկել զուտ մասնագիտական տիրույթում ու չեմ ցանկանում շեղվել»։

Ինչ վերաբերում է համատարած կալանքների կիրառմանը, փաստաբանն ասաց. «Մեկ բան հստակ կարող եմ ասել, որ կալանքը պետք է լինի ծայրահեղ միջոց, եթե մնացած բոլոր խափանման միջոցները ի զորու չեն ապահովել այդ դերակատարումը»։

Նշենք, որ այսօր հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։