Այսօր՝ նոյեմբերի 7–ին, հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որի օրակարգում էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամի ընտրության հարցն է։
Մուտքի մոտ լրագրողները դատավորներից հետաքրքրվում էին, թե ինչով են պայմանավորված վերջին շրջանում համատարած կալանավորումները, անգամ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն է ասում, որ կալանավորներն ավելի շատ են քան դատապարտյալները։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Քոթանջյանն ասաց, որ իր նկատմամբ ուղղորդման կամ SMS հաղորդագրություններ ուղարկելու դեպքեր չեն եղել։
Դիտարկմանը, որ ուժային կառույցներն ասում են, թե իրենք ինչ անում են, որ արդարադատություն լինի երկրում, և դատարաններն են մեղավոր, դուք ձեր մեղքի բաժինը տեսնու՞մ եք, նա կարճ արձագանքեց. «Ոչ»։
Համատարած կալանավորումների մասին հարցին ի պատասխան դատավոր Ալեքսանդր Ազարյանը նշեց. «Զերծ մնամ, հա՞, պատասխանից։ Դատավորի կարգավիճակում ունեցող անձը նման հարցերին պատասխանելու իրավունք չունի։ Կախակալ մոտեցում կլինի»։
Դատավոր Դավիթ Սարգսյանն էլ անդրադառնալով նախարարի դիտարկմանը, թե կալանավորներն ավելի շատ են քան դատապարտյալները, ասաց. «Ես տեղեկություն չունեմ, թե ինչի հիման վրա է դա ասվում»։ Նա վստահեցրեց, որ էրեւէ մեկից հրահանգ կամ SMS չի ստացել և իրեն անկախ դատավոր է համարում։
Միքայել Սրբազանին երկու ամսով կալանավորելու որոշում կայացրած Արմինե Մելիքսեթյանը եւս չպատասխանեց որեւէ հարցի, մինչդեռ նրան հարցնում էին. «Ձեր խիղճը հանգի՞ստ է այդ որոշումից հետո»։
Մյուս դատավորները ևս չցանկացան պատասխանել հարցերին։











