Մենք համագործակցություն, որպես այդպիսին, իշխանության հետ երբեք չենք ունեցել։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե ինքը լինելով Վաղարշապատի ավագանու անդամ, համագործակցել է ՔՊ–ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, կողմ է քվեարկել իշխանության կողմից ներկայացված հողերի օտարմանը։
«Ինչ վերաբերվում է այդ հողակտորին, ավագանին չունի որևէ լիազորություն, որ քվեարկի, որոշի ինչ-որ հողակտոր տալ մեկին։ Իրենք փորձում են տպավորություն ստեղծել, որ մենք քվեարկել ենք, որ Դիանա Գասպարյանը հողակտոր ունենա։ Ո՛չ, ավագանին կարող է որոշել միայն հողակտորը աճուրդի միջոցով օտարվի, թե չօտարվի։ Քանի որ հողակտորը մեծ եկամուտներ պետք է բերեր համայնքին, ես համայնքի շահից ելնելով, կողմ եմ քվեարկել։ Թե հետագայում աճուրդային հանձնաժողովը ու՞մ է օտարել, ի՞նչ քայլերով է օտարել, ովքեր են մասնակիցները, մենք այդ հանձնաժողովում չկանք։
Մենք առաջնորդվել ենք համայնքի շահով, երբեք քաղաքական որևէ քննարկում Էջմիածնի ավագանու նիստերի ժամանակ չի եղել ։ Երբ որ մարդը հողի կատեգորիայի փոփոխության կարիք ունի, որ ջերմոցային տնտեսություն կամ չրանոց հիմնի, բիզնես սկսի, ի՞նչ է, թե այդ նախագիծը ընթերցում է ՔՊ-ական քաղաքապետը, մենք պետք է դրան դեմ քվեարկե՞նք։
Ու եթե տվյալ անձը ինձ հարցներ՝ Սևակ ջան, իմ ջերմոց կառուցելուն ինչո՞ւ եք դեմ քվեարկել, ի՞նչ էի ասելու։ Ասելու էի՝ որովհետև Դիաննա Գասպարյանն է տեքստը ընթերցո՞ւմ։ Սա աբսուրդի ժանրից է։
Կամ եթե բյուջեի նախագծի վերաբերյալ մեր բոլոր դիտողությունները ընդունվում են, մենք պետք է զբաղվենք դեմագոգիայով ու դեմ քվեարկե՞նք։ Այսինքն ինատ անեինք մեկին, ու դրանից տուժեր մեր քաղա՞քը։ Որ որոշմանը մենք քվեարկել ենք կողմ, ես պատրաստ եմ բոլորը հիմնավորել հատ–հատ։
Ինչ վերաբերում է իշխանության կողմից հնչող մեղադրանքներին, թե ինքը դառնալու է ընդդիմադիր առանցքը և Վաղարշապատի «Վարդանիկը», Սևակ Խաչատրյանն ասաց. «Մենք ամենօրյա ռեժիմով տեսնում ենք, որ մարդիկ, որոնք ունեն հակառակ կարծիք, ընդդիմադիր են, հայտնվում են բանտերում։ Ես չեմ բացառում, որ ինձ էլ ձերբակալեն, այսօրվա իշխանություններից ամեն ինչ սպասելի է։ Բայց ես որևէ քրեական գործով երբեք չեմ անցել, որևէ կարգավիճակ չունեմ։ Այսինքն ցանկացած նման դրսևորում լինելու է պարզապես ապօրինի, պարզապես քաղաքական հետապնդում և դա բոլորը իմանալու են։
Այո, նոյեմբերի 9–ի գործով ինձ հարցաքննել են ԱԱԾ–ում, բոլոր վիդեոները նայել են, փորձել են ինչ-որ մի բան տեսնել, որ ես արել եմ, որ քրգործ հարուցվի, տեսել են, որ ոչինչ չեմ արել, բացի այն, որ ներկա եմ եղել այնտեղ։
Այս իշխանություններից ամեն ստորություն, ապօրինություն սպասելի է, բայց մենք մտավախություն չունենք, մենք տղամարդ ենք, թիմ ենք, ամուր ենք, մենք այդ սցենարն էլ ենք քննարկել, երբ որ փորձեն ապօրինի կալանավորումների գնալ։ Թիմը նույն ոգով շարունակելու է, թիմում բացի ինձանից կան շատ պրոֆեսիոնալ մարդիկ, կարող մարդիկ, մենք շարունակելու ենք, մեր նպատակին հասնելու ենք, ՔՊ-ին իշխանազրկելու ենք։
Ես ասում եմ՝ եթե մենք Վարդանիկն ենք, այդ դեպքում իրենք էլ Սարիկն են, թող պատրաստ լինեն պարտության։ հետո էլեկտրացանցում ինչ-որ մի գործի իրենց էլ կտեղավորեն երևի»։











