Ընտրություններից հետո այլ ընդդիմադիր ուժերի միանալու հարց այս պահին մեր շտաբում, մեր թիմում չի քննարկվում, որովհետև մենք գնում ենք բացարձակ հաղթանակի, ստանալու վաղարշապատցիների 50% և ավել ձայները։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
«Սակայն երբ նոյեմբերի 16-ին ընտրության արդյունքները այլ բան ցույց տան, բնականաբար մենք համագործակցության եզրեր ունենք ընդդիմադիր ուժերի հետ, որոնք այս ընթացքում հանդես են եկել ընդդիմադիր դաշտից։ Մենք հայտարարել ենք և հիմա էլ հայտարարում եմ, որ եթե որևէ ընդդիմադիր կուսակցություն մեր թիմից մեկ ձայն ավել հավաքի, մենք պատրաստ ենք աջակցելու ամբողջությամբ, որպեսզի ՔՊ-ն չլինի իշխանության»,–ասաց նա։
Հարցին՝ հաղթանակի դեպքում ինչպե՞ս է աշխատելու կառավարության հետ՝ լինելով ընդդիմադիր, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Ես իմ աշխատանքը պատկերացնում եմ օրենքով սահմանված կարգով։ Այսինքն ի՞նչ պիտի անեն, պիտի ինադ անեն, որից համայնքի մոտ 100000 բնակիչները տուժե՞ն։ Մենք ավելի լավ ենք աշխատելու, որովհետև իրենք լինելով իրար հետ թիմակիցներ, շատ հաճախ իրենց ապօրինությունների վրա աչք են փակում, փորձում են մեղմ վերաբերվել։ Բնականաբար մեր դեպքում այդպես չի լինելու:
Մենք հասկանում ենք, որ լինելու ենք խոշորացույցի տակ և միգուցե դա ավելի մեզ մղի դեպի ամենօրյա աշխատանքը, դեպի ավելի ճիշտ աշխատանքը, մեր թիմը պատրաստ է այդ ամենին»։
Խոսելով ՔՊ–ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի մասին, նա ասաց. «Մարդիկ քարոզարշավի ժամանակ մոտենում քաղաքացիներին հարցնում են՝ գո՞հ եք համայնքապետի աշխատանքից։ Ի՞նչ գոհ լինեն, եթե էդ մարդուն երկու ամիս առաջ նշանակել են ժամանակավոր պաշտոնակատար, նշանակման օրից մարդը քարոզարշավի մեջ է։
Կառավարության իրականացրած ծրագրերն են ներկայացնում, բայց դա ի՞նչ կապ ունի համայնքի հետմ, ինչ կապ ունի դրա հետ ՔՊ–ի թեկնածուն։
Էջմիածնում մանկապարտեզ էին վերանորոգել, վերանորոգումը ավարտված չի, բայց փորձում են կարգի բերել, որ գան բացումն անեն մինչև ընտրություններ, նկարվեն։ Երեխաներին բերելու են սիրուն նստացնեն, հետո ճանապարհեն տուն։
Խոյ համայնքում ամբողջ գիշեր ասֆալտի վրա ասֆալտ են անում, ժամանակ չկա, որ ասֆալտը քերեն, նոր անեն»,– հայտարարեց Սևակ Խաչատրյանը։











