Կարծում եմ՝ Վաղարշապատում շատ ակտիվ ընտրություն է լինելու՝ բարձր մասնակցությամբ, դա ես զգում եմ նաև քարոզարշավի ընթացքում բնակիչների ոգևորությունից, և նաև դա ցույց տվեցին վերջին երկու ընտրությունները, և Գյումրիում և Փարաքարում։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Վաղարշապատի ավագանու ընտրություններում «Հաղթանակ» դաշինքը գլխավորող Սևակ Խաչատրյանը։
«Նախորդ ընտրություններին Էջմիածնում մասնակցել է մոտ 25%, բայց վստահ եմ, որ այս անգամ շատ բարձր է լինելու մասնակցությունը։ Նախ մասնակցող թիմերն են շատ, ութ ուժ է մասնակցում, որոնց ընտրական ցուցակներում իրար հետ վերցրած երևի մոտ 300-ից ավել ավագանու թեկնածու կա։ Այսինքն բոլորը փորձելու են իրենց ընտրողի հետ աշխատել, իրենց ընտրողին կոչերով տանել ընտրատեղամասեր, որպեսզի մարդիկ մասնակցեն ընտրություններին»,–ասաց նա։
Հարցին՝ իր ընտրվելու դեպքում թույլ կտա՞, որ վարչապետն իր աջակիցների հետ կազմակերպի եկեղեցու դեմ հոգեւոր հավաքը, որը խոստացել է, Սևակ Խաչատրյանը պատասխանեց. «Եթե քաղաքապետարանի ֆունկցիայի մեջ էլ լինելու որևէ արտոնություն, բնականաբար թույլ չենք տալու։ Ես թույլ չեմ տալու, ես հայ քրիստոնյա եմ, հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ։ Սա որոշ հոգևորականների դեմ չէ, ինչպես իրենք են պնդում, այլ Հայ առաքելական եկեղեցու ինստիտուտի դեմ է, փորձում են կազմաքանդել այդ ինստիտուտը։
Մենք այսօր տեսնում ենք իրենց ֆեյք պատարագներին սարկավագն ատամնաբուժ է, այն մեկը դաջվածքներով ինչ-որ մի տղա է։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ իրենց ուզածին հասնեն եկեղեցում ինչ է լինելու։ Կարող է Վահագն Ալեքսանյանը պատարագ մատուցի։
Իրենք ուզում են եկեղեցին ենթարկեցնել, իրենց մարդկանց նշանակել»։
Հարցին՝ ինչո՞ւ չի մասնակցում այլ թեկնածուների, այդ թվում ՔՊ–ի թեկնածուի հետ բանավեճին, նա ընդգծեց. «Մասնակցել Հ1–ում մոնտաժվող բանավեճի, կարծում եմ՝ խելամիտ չէ։ Ոնց ոչ գնաս Նիկոլ Փաշինյանից տուն, իրենց հյուրասենյակում նստես, իրենց ընտանիքի հետ փորձես ինչ-որ բան բանավիճես։ Հետո թեկնածուների մեծ մասի հետ մենք բանավիճելու ոչինչ չունենք, իրենց մոտեցումները շատ պարզ է մեզ, և կարծում եմ՝ մեր մոտեցումն էլ իրենց է պարզ։ Մենք այս ընտրություններում բացի ծրագրային մասից, նաև արժեհամակարգ ենք դնում։ Ես իրենց հարցեր ունեմ, այդ հարցերին թող պատասխանեն, գնանք բանավիճելու»։











