Հունվարի 27-ը Հայաստանում պետք է հռչակվի «Հանուն հայրենիքի զոհվածների հիշատակի և խոնարհումի օր»։ Այդ մասին Ազգային ժողովի նիստում՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 11-ին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակը պատգամավոր Գեղամ Նազարյանն է։ Այդ օրը, ինչպես նշել է Ռուբինյանը, երկրի բնակիչների համար կդառնա ոչ աշխատանքային։ Նրա խոսքով՝ Ազգային հիշատակի օրը չի նշվել արդեն 25 տարի։

Պարզաբանման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկա առանձին օր՝ նվիրված երկրի պատմության տարբեր ժամանակաշրջանների մարտական գործողությունների ընթացքում զոհված բոլոր զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակին։

«Արդյունքում, զոհվածների հիշատակը մեզ մոտ սովորաբար հարգվում է կա՛մ կոնկրետ ռազմական իրադարձություններին նվիրված օրերին, կա՛մ հունվարի 28-ին՝ «Բանակի օրը», որն իր բնույթով ավելի շուտ տոնական է, քան հիշատակի»,- նկատել է Ռուբինյանը։

Նախագծի համաձայն՝ հիշատակի նոր օրը կնշվի Բանակի օրվա նախօրեին՝ հունվարի 27-ին։