Աստիճանաբար ձևավորվում է այսպես կոչված բազմաբևեռ աշխարհ, և Չինաստանն անպայման առավելություններից մեկը կլինի՝ ԱՄՆ-ի հետ միասին: Դրա մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ և ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշ կրտսերի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով նախկին օգնական Թոմաս Գրեհեմը՝ NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ:

«Հարցն այն է, թե ինչ դեր կխաղա Ռուսաստանը։ Մենք այժմ տեսնում ենք Չինաստանի և Ռուսաստանի միջև շատ սերտ ռազմավարական հարաբերություններ, բայց նրանց միջև կան լարվածության կետեր՝ պատմական, տնտեսական, ազգայնական և այլն։

Ռուսաստանի նպատակներից մեկն իր ռազմավարական ինքնավարության պահպանումն է։ Սա նշանակում է համաշխարհային ասպարեզում ավելի կամ պակաս ազատ գործելու կարողություն։ Դրան հասնելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է հակակշիռ Չինաստանի դեմ։ Սա չի նշանակում, որ Ռուսաստանը ցանկանում է փչացնել Չինաստանի հետ իր հարաբերությունները, բայց նրան անհրաժեշտ է հակակշիռ, որպեսզի Չինաստանի հետ կնքված համաձայնագրերը շատ ավելի շահավետ լինեն, քան հիմա են։

Կարևոր հարց է, թե ինչպես հավասարակշռել շահերն այս եռանկյունում (ԱՄՆ-Ռուսաստան-Չինաստան), որպեսզի այս տերություններից որևէ մեկի միջև ուղղակի ռազմական բախումներ չլինեն, և որպեսզի բոլորը հնարավորություն ունենան շարունակելու մրցակցել շատ թե քիչ խաղաղ միջավայրում»,- նշել է փորձագետը։

Նրա գնահատմամբ՝ ամերիկյան քաղաքականության նպատակը Ռուսաստանին Չինաստանից բացի այլ տարբերակներ ևս տալն է։

«Ընդ որում, Ռուսաստանին Չինաստանից բաժանելն անհնար է, բայց հնարավոր է մեղմել Ռուսաստանի կախվածությունը Չինաստանից։ ԱՄՆ երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից լավագույն տարբերակն ինքնավար Ռուսաստանն է, որը կարող է ազատորեն գործել համաշխարհային ասպարեզում և ունի հնարավորություն կոալիցիաներ կազմելու ԱՄՆ-ի հետ երբեմն՝ Չինաստանի դեմ, և, անհրաժեշտության դեպքում, համագործակցելու Չինաստանի և ԱՄՆ-ի հետ այնպիսի հարցերում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը և այլն»,- ընդգծել է Գրեհեմը։