Իմ գործընկերները որեւէ ուղղորդում չեն արել։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվեի» անդամ Արամ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Անկախ դիտորդի» ներկայացրած դիմումին, որով ԿԸՀ–ից պահանջվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաքվեի» դիտորդական առաքելության մի քանի անդամների հավատարմագրումը։
«Ես անընդհատ ստանում եմ տարբեր խախտումների վերաբերյալ նյութեր, լուսանկարներ, որոնք նիստից հետո ԿԸՀ–ի աշխատակիցներին տեղյակ պահեմ, որ վերացնեն։ Ես հիմա կնախընտրեի, որ մենք հանձնաժողովի անդամների հետ ուսումնասիրենք ամեն ինչ, որպեսզի վաղը ընտրություններին խնդիրներ չառաջանան։ Դրա փոխարեն դիտորդական առաքելություններն իրար քաշքշելով հասցրել են այստեղ։ Իմ գործընկերները խոսել են երկրում քաղաքական իրավիճակի մասին եւ այսօր այդ դիմումը ներկայացրած մարդուց ոչ ոք ավելի շատ չի խոսել այդ մասին։ Այն մարդը, ով իր աշխատանքային ժամանակահատվածը տրամադրում է նախկին իշխանություններին, այսօր այսպիսի դիմում է ներկայացնում։ Ո՞նց է լինում, որ Դանիել Իոաննիսյանը եւ Արթուր Սաքունցն ամբողջ օրը քննադատում են նախկին իշխանություններին, Նարեկ Կարապետյանին, Սամվել Կարապետյանին, բայց այսօր բողոքում են, որ իմ գործընկերը խոսել է մի թեմայից, որը Վաղարշապատի ընտրությունների հետ կապ չունի»,– ասաց Արամ Պետրոսյանը։
Նշենք, որ «Անկախ դիտորդը» պահանջում էր ուժը կորցրած ճանաչել երեք դիտորդական առաքելության հավատարմագրում։











