Բա ի՞նչ եղավ երկրի ղեկավարի այն հայտարարությունը, թե ազգայնացնելու ենք ՀԷՑ–ը. Դա փաստորեն ընդամենը հերթական սուտն էր։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով երեկ ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի հայտարարությանը, թե եթե առաջիկա երեք ամիսներին պետությունը սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ չգա համաձայնության, ապա պետությունը կարող է գերակա շահի իրավունքով վերցնել ՀԷՑ–ի սեփականության իրավունքը։

«Այսինքն առաջարկ են անելու, եթե սեփականատերը համաձայնեց, գործարքը կատարվելու է, չհամաձայնելու դեպքում աշխատելու է գերակա շահի վերաբերյալ օրենքը։ Գերակա շահի օրենքը ենթադրում է միջազգային անկախ գնահատողի կողմից արժեք գումարած 15%, որը վճարվելու է սեփականատիրոջը։

Մի քանի հարյուր միլիոն դոլար ժողովուրդը վճարելու է ընկերության ունեցած վարկերը, մի քանի հարյուր միլիոն դոլար էլ մեր բոլորի գրպանից վճարելու են սեփականատիրոջը։ Այսինքն ընդամենը մի քաղաքական քինախնդրության պատճառով ընկանք պարտքի տակ։ Ժողովուրդը պետք է հասկանա թե ինչ կատարվեց և ինչու այդպես պետք է լիներ»,–ասաց նա։