Տարածաշրջանի ամենախոշոր զբոսաշրջային հարթակներից մեկն է փորձում դառնալ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Intentional Tourism Fair Armenia 2025 ցուցահանդես-համաժողովը:

Արտագնա և ներգնա տուրիստական գործակալություններ, հյուրանոցներ և ռեստորաններ, ավիաընկերություններ ու միջազգային զբոսաշրջային ընկերություններ են մասնակցում նոյեմբերի 21-24-ը Մերիդիան էքսպո կենտրոնում անցկացվող միջոցառմանը, ընդհանուր առմամբ՝ մոտ 50 ընկերություն:

Ցուցահանդեսի համաժողովն իրականացնում են Զբոսաշրջության կոմիտեն, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի հետ համատեղ։ Կազմակերպիչներն են Armenia travel և Պրոմ էքսպո ընկերությունները:

Ցուցահանդեսը նոր համագործակցությունների, գաղափարների և փորձառությունների միավորման կենտրոն է, որը մի հարկի տակ է համախմբել ոլորտի առաջատարներին ու ճամփորդության սիրահարներին՝ ընդլայնելու իրենց գործնական կապերը և բացահայտելու նոր ուղղությունները:

Այս տարվա ապրիլից հոկտեմբեր զբոսաշրջիկների հոսքը Հայաստան գերազանցել է անկախացումից հետո գրանցված ցուցանիշները: Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը դա համարում է պետություն-մասնավոր արդյունավետ համագործակցության արդյունք: Իսկ նման ցուցահանդեսները, ըստ նրա, նպաստում են ոլորտի զարգացմանը:

Էքսպոյի շրջանակում կայացավ նաև պանելային քննարկում, որի ընթացքում բարձրացվեցին ոլորտին վերաբերող խնդիրները, առաջարկվեցին լուծումներ։