Ազգային ժողովի փոխխոսնակ Հակոբ Արշակյանը չի առաջադրվել 2026–ի ընտրությունների ՔՊ ցուցակում։

«Տարբեր են պատճառները»,– ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց նա։

«Շատերը գիտեն, որ ես մասնագիտությամբ ճարտարագետ եմ և իմ ամբողջ կենսագրության ընթացքում աշխատել եմ ՀՀ–ում տնտեսական զարգացման ուղղություններով, տարբեր երկրների հետ, միջազգային մեծ նախագծեր եմ բերել Հայաստան գործընկերներիս հետ։ Իմ կենսագրության ընթացքում զբաղվել եմ նաև քաղաքական գործունեությամբ և դրա հիմնական մղող ուժն այն է եղել, որ Հայաստանում պարբերաբար ընտրություններ են կեղծվել, և ՀՀ ժողովրդի կամքը չի արտահայտվել։ Ես լինելով շատ պատասխանատու և ակտիվ քաղաքացի, մշտապես մասնակցել եմ քաղաքական միջոցառումների։ Ինքս քաղաքացիական նախաձեռնության անդամ եմ եղել, ՀԿ–ենք հիմնադրել, որի առաջին հիմնադիր նախագահը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաջորդը ես եմ ընտրվել և ղեկավարել։  Դրանից հետո ՔՊ հիմնադիր և վարչության անդամ եմ  ընտրվել։

2018–ի հեղափոխությունից հետո ունենալով նար քաղաքական պատասխանատվություն, ինձ առաջարկվել է զբաղեցնել այն ժամանակ Կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի, ապա նախարարի պաշտոնը։ Իրականացրել եմ տրանսպորտի նախարարության բավականին լուրջ ռեֆորմ։

Դրանից հետո եղել եմ հիմնադիր նախարարը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, որտեղ հիմնաքարային խնդիրը եղել է ռազմարդյունաբերության կայացումը, ինչպես նաև բարձր արդյունաբերության ոլորտում շուրջ 5 անգամ  շրջանառության ավելացումը։ Կարելի է ասել՝ մենք ռազմարդյունաբերությունը ՀՀ–ում զրոյից հիմնել ենք, և այսօր շուրջ կես մլրդ դոլարի եռամյա պայմանագրեր են կնքվում։

2021–ին ՔՊ–ի ցուցակով ընտրվել եմ ԱԺ պատգամավոր, այնուհետեւ փոխխոսնակ։ Ես տեսել եմ, որ Հայաստանում ժողովրդավարությանը վտանգ է սպառնում և ներգրավվել եմ քաղաքակկան պրոցեսների մեջ։

Այժմ ես տեսնում եմ, որ մենք անդառնալի  կետում ենք գտնվում այն առումով, որ ժողովրդավարությունը ՀՀ–ում հաստատված է և մեր ժողովուրդը իր որոշումներով ու քվեարկությամբ տեր է կանգնում դրան։ Ես տեսնում եմ, որ մեր քաղաքական թիմն ամբողջական և լուրջ կազմով ներկայացված է ցուցակում; Ես տեսնում եմ, որ ես առավել արդյունավետ եմ բիզնեսի զարգացման, ՀՀ–ում տեխնոլոգիական ոլորտի կայացման, ռազմարդյունաբերական ոլորտի կայացման ու զարգացման ոլորտում։ Ես տեսնում եմ, որ ՀՀ–ում արժեք ստեղծող հատվածում շատ ավելի մեծ անելիքներ ունեմ իմ կուտակած փորձով, գիտելիքներով։ ես կարող եմ այդտեղ իմ պետությանն ու ժողովրդին ավելի մեծ ծառայություն մատուցել»,– հայտարարեց Արշակյանը։

Նա հայտարարեց, որ կուսակցությունից դուրս գալու դիմում չի գրել. «Եթե իմ գործունեությանը կուսակցական գործունեությունը չի խանգարում, իսկ այն չի խանգարում, ապա ես նպատակ չունեմ կուսակցությունից դուրս գալու։

Երբ մենք խոսում ենք գործարարության մասին, ինձ համար գործարարությունը քաղաքականությունից անկախ երեւույթ է և այն կետերում, որտեղ շահերի բախում կարող է առաջանալ, ես ընտրում եմ գործարարությունը։

Քանի որ ԱԺ ընտրությունների նախընտրական ցուցակում ընդգրկվելը և ԱԺ պատգամավոր դառնալը կոնֆլիկտի մեջ է մտնում գործարարություն անելու հետ, մեր Սահմանադրությամբ դա արգելված է, ես ընտրում եմ գործարարությունը»,– ընդգծեց Արշակյանը։

 Հիշեցնենք, որ ՔՊ–ի վերջին համաժողովին Հակոբ Արշակյանը այդպես էլ չէր կարողացել մասնակցել, քանի որ անդամավճարի պարտք էր ունեցել։